Հայաստանը ՌԴ-ի համար միակ ռազմավարական գործընկերն է Կովկասում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկն՝ անդրադառնալով ՌԴ-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրին:
Ռազմական փորձագետը նշեց, որ հստակ պետք է իմանալ այն, որ Հայաստանը ՌԴ-ի համար միակ ռազմավարական գործընկերն է Կովկասում: Ըստ նրա՝ սա շատ բաների մասին է խոսում: «Առաջին հերթին՝ Հայաստանը ռազմամթերք ձեռք է բերում մատչելի գներով: Ըստ այդ համաձայնագրի՝ ռազմական ակադեմիաների սպայական կազմի ուսուցումն անվճար է լինելու: Սա խորացնելու է ռազմական համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այդպիսի համաձայնագիր ՌԴ-ն մինչ այս ուներ միայն Բելառուսի հետ»,- մեկնաբանեց Ա. Ցիգանոկը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության էր արժանացրել կառավարության ներկայացրած առաջարկը` Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ պայմանագրի ստորագրման վերաբերյալ: ՌԴ նախագահը կառավարությանը հրահանգել էր բանակցությունների ավարտին Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել։












































