Ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) հարազատները մտադիր են նրա հուղարկավորությունը կազմակերպել Վրաստանում: Ուստի այս օրերին քրեական հեղինակությունները բանակցություններ են վարում Վրաստանի իշխանությունների հետ Դեդ Հասանի հուղարկավորության արարողությանն անարգել մասնակցելու և այդ օրերին Վրաստանում գտնվելու համար:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններ են վարում նաև հայ «օրենքով գողեր» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, և Պաշի տղա Սուրոն՝ Սուրեն Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս էր հայտարարել, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատասխանատվություն կրի օրենքն անխախտ պահելու հարցում՝ թույլ չտալով «օրենքով գող» կոչված քրեական հանցագործներին ներթափանցել Վրաստան: Ուստի Դեդ Հասանի հուղարկավորությունը կլինի վերջին տարիների առաջին դեպքը, երբ մեծաթիվ «օրենքով գողեր» մուտք կգործեն Վրաստան:









































