Այս տարվա մարտին լրանում է «Արմավիա» ավիաընկերության թռիչքներ իրականացնելու լիցենզիայի ժամկետը: Անցած ողջ տարին «Արմավիա»-ն գրեթե մշտապես ինչ-որ խնդիրների մեջ էր՝ «Զվարթնոց»-ի հետ պարբերաբար պարտքային «ճգնաժամ», SSJ-100 օդանավի հետ կապված խնդիրներ և այլն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Քաղավիացիայի վարչության պետի հրամանով կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ «Արմավիա»-ի հեղինակությունը լուրջ անկում է արձանագրել»:
«Առաջին լրատվական»-ը Քաղավիացիայի վարչությունից հետաքրքրվեց, թե արդյոք «Արմավիա»-ի ունեցած խնդիրները կարո՞ղ են ազդել նոր լիցենզիայի ստացման վրա: «Ավիացիոն բնույթի գործառույթներ իրականացնելու համար ընկերության նմանատիպ ֆինանսական խնդիրները քննարկման առարկա չեն հանդիսանում»,- պատասխանել են վարչությունից:
Ռադիոկայանի լրագրողի հարցմանն ի պատասխան` նշել են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ուսումնասիրություններ չեն իրականացվել, այլ տեղեկացվել է, որ ստեղծված իրավիճակը կարող է ազդել «Արմավիա» ավիաընկերության հեղինակության վրա:
Մեր հարցին՝ ազգային ավիափոխադրողի մենաշնորհը դեռ որքա՞ն է շարունակվելու, հնարավո՞ր է, որ 1-ի փոխարեն մի քանի լիցենզիաներ տրվեն մարտին, վարչությունից պատասխանել են, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել ՀՀ կառավարությունում, և դրա վերաբերյալ վերջնական որոշում չկա:
Ըստ վարչության՝ 2012-ին ՀՀ օդային ճանապարհներով ուղևորափոխադրումները կազմել են շուրջ 1.763.400 ուղևոր, որը 5.3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:









































