«Մենք պետք է փորձենք վերանայել համագործակցության ոլորտները և գտնել մեզ համար փոխշահավետ ոլորտները, որպեսզի կարողանանք ավելի ինտեգրվել: Մենք նոր կառավարություն ենք և փորձում ենք անել ավելին, որ մտերմացնենք մեր երկրների հարաբերությունները, հատկապես տնտեսական առումով»,- այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա շնորհակալություն հայտնեց Վրաստանի հայությանը՝ ընտրությունների ժամանակ իրեն ցուցաբերած աջակցության համար, և խոստացավ, որ իր կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանի հայությունը զգա, որ ապրում է իր սեփական երկրում, և իրականացնելու է նախընտրական շրջանում տված խոստումները:
Իվանիշվիլին գոհունակությամբ նկատեց, որ իր առաջին պաշտոնական այցը բարեկամ երկրում է, և հանդիպումները շատ ջերմ են եղել: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ջերմ ընդունելության համար. «Ես անփորձ պոլիտիկոս եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ»:
Իվանիշվիլին հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են երկու կողմերին հետաքրքրող հարցեր և հետաքրքիր որոշումներ են ընդունել, թեև դեռ կան հարցեր, որ քննարկման կարիք ունեն, նաև համոզվածություն հայտնեց, որ դրանց շուրջ փոխհամաձայնության կգան:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես նշեց, որ շատ ջերմ հանդիպում էր. «Արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա մի հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկումներով լուծել: Արձանագրել ենք, որ կա մեծ պոտենցիալ՝ երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար: Մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տրվեց»:
Տ. Սարգսյանը հայտնեց, որ կձևավորվեն հայ-վրացական աշխատանքային խմբեր, որոնք մինչև հաջորդ միջկառավարական հանձնաժողովների հանդիպում կմշակեն «շատ հետաքրքիր և հեռուն գնացող» ծրագրեր:
Տ. Սարգսյանը տեղեկացրեց, որ երկու համաձայնագիր է ստորագրվել՝ մշակույթի ոլորտում և մաքսակետերի աշխատանքները համահունչ դարձնելու ուղղությամբ, նաև համոզվածություն հայտնեց, որ կլինեն նոր համաձայնագրեր:








































