«Ղարաբաղի մասին հարցը արդեն սպառված է: Մենք հայտարարել ենք, որ ԱԳ նախարարի խոսքն աղավաղված է եղել: Ինչո՞ւ եք հիմա նորից հարցնում»,- այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ վրդովվեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ի պատասխան վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերության խնդրանքի՝ պարզաբանել ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի Լիտվայի խորհրդարանում արված հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին:
Նրա խոսքով՝ այդ հարցի հետ կապված ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է հենց այդ ընկերությունը՝ «Ռուսթավ»-ին, և այսօր նույն ընկերությունը հարց է տալիս. «Ես Ադրբեջանում Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել եմ այդ մասին: Ալիևի դիրքորոշումը փոխանցել եմ Տիգրան Սարգսյանին: Վարչապետի հետ խոսել ենք, հիմա չեմ ուզում մանրամասնել: Հարցը իրոք շատ ծանր է, և մոտ ապագայում այդ հարցի որոշումը շատ ծանր է լինելու»:
Իվանիշվիլին կոչ արեց ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ ԼՂ կարգավորման հարցում Վրաստանը զբաղեցնում է հավասարակշռված դիրքորոշում. «Հատկապես ուզում եմ նշել, որ գաղտնիք չէ` ԼՂ կարգավորման շուրջ արված այս կամ այն հայտարարությունները աղավաղվում են»:
Տ. Սարգսյանը կարևորեց Վրաստանի ղեկավարության օպերատիվ արձագանքը, որ չլինեն Վրաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող մեկնաբանություններ:











































