Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց «Յուքոմ» ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ ծանոթացավ ընկերության նորարարական ծառայություններին, աշխատանքային գործընթացին ու այն սերվերներին, որոնցում պահպանվում է ընկերության ամբողջ տեղեկատվությունը:
ՀՀ ԿԳ նախարարի՝ «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանի հետ հանդիպման նպատակը ՀՀ դպրոցներին տրամադրվող ինտերնետային ծառայության հզորությունների հետ կապված հարցերի քննարկումն էր:
Հայկ Եսայանը, որի ընկերությունն արդեն շուրջ 2 տարի է, ինչ ծառայություններ է մատուցում դպրոցներին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանի դպրոցներն ամբողջությամբ համակցված են համացանցին ու ստանում են ծառայություններ: Նրա խոսքով՝ այս տարի երևանյան բոլոր դպրոցներում ինտերնետային ծառայության հզորությունները շուրջ 4-5 անգամ կմեծանան՝ մինչև 20 մեգաբիթ արագություն կստանա ցանկացած դպրոց:
Նա նաև տեղեկացրեց, որ Աբովյան քաղաքի դպրոցները ևս արդեն ունեն ինտերնետին միանալու հնարավորություն:
«Մենք ամեն ինչ անելու ենք՝ աջակցելու կրթական ոլորտին՝ IT դասընթացների կազմակերպում, թրեյնինգներ, ուսուցիչների վերապատրաստում, ինչը կրելու է շարունակական բնույթ»,- խոստացավ նա՝ հայտնելով, որ այս ամսվանից սկսած՝ փուլ առ փուլ այդ գործընթացները կյանքի կկոչվեն:
Արմեն Աշոտյանը իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ «Յուքոմը» կրթության նկատմամբ դրսևորում է հատուկ ուշադրություն՝ մատակարարելով գերարագ ինտերնետ նույն սակագնով, ինչով պարտավորվել էր մատակարարել ավելի դանդաղ ինտերնետ:
«Մեզ համար սա անչափ ուրախալի լուր է: Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ու կարևոր է, որ դպրոցներում համապատասխան տեխնիկական միջոցները լինեն խիստ արդիական,- նկատեց ԿԳ նախարարը:- Հենվելով արդեն այս նախաձեռնության վրա` կկարողանանք ավելի հավակնոտ լինել թե այս տարի, թե գալիք տարի նախատեսվող էլեկտրոնային կրթական ծրագրեր իրականացնելու, հատկապես` հայալեզու էլեկտրոնային գերժամանակակից միջավայր ստեղծելու հարցում»,- համոզմունք հայտնեց Արմեն Աշոտյանը:
Իր խոսքում ԿԳ նախարարը նաև ցանկություն հայտնեց, որ Հայաստանի շուրջ 4000 հարկատուները իրենց իրական հնարավորությունների համաձայն` կրթության ոլորտում կիրականացնեն ներդրումներ և կունենան սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ դառնալով բիզնես-մշակույթի մաս:
«Շատ կարևոր է, որ վերջիններս հասկանան` կրթությունը պահանջում է ներդրումներ, որոնց բեռը պետության հետ միասին պետք է կիսի նաև մասնավոր հատվածը»,- հավելեց ԿԳ նախարարը:








































