Twitter միկրոբլոգերի ծառայությունը ներկայացուցչություն կբացի Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում: Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել է Գիլերմե Ռիբենբոյմը, որը նշանակվել է Բրազիլիայում ծառայության ներկայացուցչի պաշտոնում:
Ռիբենբոյմը հայտարարել է, որ Սան Պաուլու քաղաքում գրասենյակ բացելը ծառայությանը թույլ կտա ավելի մոտ լինել օգտատերերին և ցույց տալ իր հարթակի կարևորությունը: Նա հավելել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Օլիմպիադան, որոնք 2014թ. և 2016թ. տեղի են ունենալու Բրազիլիայում, մեծ հնարավորություններ են ընձեռում՝ Twitter-ի պոտենցիալը ցուցադրելու համար:
Բրազիլիան Twitter-ի օգտատերերի թվով երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո: Ծառայության տեղի լսարանի թիվը կազմում է 40 միլիոն մարդ: Չնայած այս հանգամանքին՝ Բրազիլիայում դիտվում է ակտիվության ցածր աճ: Վերլուծաբանները դա կապում են երկրում Facebook-ի ակտիվ տարածման հետ:
Twitter-ն ԱՄՆ-ի սահմաններից դուրս իր ներկայացուցչություններն ունի նաև Իռլանդիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում:









































