Իսպանիայի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակիչ Խուան Մանուել Մորենոն գնորդներին գրավում է հացով, որը յուրահատուկ բաղադրիչ է պարունակում, գրում է The Times-ը: Բացի ալյուրից և ջրազրկված մեղրից՝ հացի արտադրության մեջ Մորենոն 250 մգ ոսկու փոշի է օգտագործում: Դա այդ հացը աշխարհում ամենաթանկարժեքն է դարձրել՝ գինը 117 եվրո է:
Մորենոն պատմել է, որ ինքը ոգեշնչվել է ոսկով հաց թխելու գաղափարով, երբ սրճարանում գովազդ է տեսել, որը հայտարարել է, թե այդտեղ վաճառվում է աշխարհի ամենաթանկարժեք սուրճը:
«Ես սուրճը չգնեցի, սակայն գնահատեցի ապրանքը ներկայացնելու նրանց ոճը,- ավելացրել է նա:- Ոսկին իմ արտադրանքին հատուկ համ չի տալիս՝ բացի շքեղության և յուրահատկության համից»:
Նշվում է, որ իսպանական մի շարք սուպերմարկետներ և տեղի ռեստորաններից մեկը արդեն ծրագրում են վաճառել Խուանի արտադրանքը:










































