ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դոնիս Մաքդոնաղին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ներկայումս Մաքդոնաղը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն է: Սպասվում է, որ Մաքդոնաղը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեք Լյուին, որին Օբաման առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում։
Մաքդոնաղը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի 4-րդ ղեկավարը Օբամայի պաշտոնավարման ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել են Ռամ Էմանուելը, որը ներկայումս Չիկագոյի քաղաքապետն է, Բիլ Դեյլին, որը Բիլ Քլինթոնի օրոք զբաղեցրել է առևտրի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, և Փիթ Ռուզը:






































