«Քարոզարշավը մեզ համար պետք է մեկ երևույթ փոխի` հասարակական տրամադրությունը, անկախ նրանից, որ որոշ քաղաքական փորրձագետներ, գործիչներ փորձում են հասարակությանը պասիվության դրդել: Դա բոյկոտ չէ, պետք է ընտրողը հասկանա, որ տանը նստելով` օգնության են հասնելու իշխանություններին: Պետք է ընտրողը հասկանա, որ միայն ընտրատեղամաս գնալով և ընդդիմադիր թեկնածուի ընտրելով է հնարավոր լուծել խնդիրները: Պետք է ընտրողներին բացատրենք, որ ճիշտը տեղամաս գնալը և ընտրելն է»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է ծրագիր, որը երկիրը դուրս է հանելու այս վիճակից: Ընդդիմադիր դաշտում էլ չունեն մրցակից, հիմնական մրցակիցը իշխանությունն է և Սերժ Սարգսյանը:
Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ սոցհարցումների հետ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է լինելու, քանի որ, ըստ նրա, նույն սոցհարցումներով` երկրի վիճակը գնալով վատանում է, ժողովուրդն աղքատանում ու արտագաղթում է: «Կա՛մ մեր հասարակությունը մազոխիստ է, կա՛մ հարցումներն այլ բանի են վերաբերում: Մենք իրատես ազգի ներկայացուցիչ ենք, որը չի կարող ունենալ վատ կենցաղ, բայց պաշտպանի իշխանութանը»,- ասել է նա:
Նույն հեռուստաընկերության երեկվա եթերում նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մի շարք մեղադրանքներ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս առիթով Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ կպատասխանի այն գործիչներին, որոնք գործունեություն են ծավալել՝ դրական թե բացասական: Իսկ Արամ Հարությունյանը ոչինչ չի արել: Այնուամենայնիվ, որոշ հարցերի պատասխանել է։ «Երբևիցե չի եղել, որ «Ժառանգությունն» իր հանձնաժողովի անդամների տեղերը տա իշխանությանը, եղել են տեղամասեր, որ մենք չենք նշնակել անդամներ, և հանձնաժողովի նախագահը նշանակել է իր ուզած անդամին, որը, բնականաբար, եղել է իրենց ներկայացուցիչը»,- ասել է Արմեն Մարտիրոսյանն ու հավելել. «Թեկնածուներ կան, որ մտել են պայքարի մեջ ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու, այլ Րաֆֆի Հովհանիսյանի դեմ պայքարելու համար»:
Ինչ վերաբերում է ինտրիգներին, ապա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, որոշ չափով հնարավոր է ինտրիգներ լինեն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք ինտրիգների դաշտում չի լինելու:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն արդեն ձևավորվել է, իսկ շտաբի պետի հարցը կլուծվի մինչև շաբաթվա վերջ: Մարզերում ևս բոլոր շտաբերը կազմավորվել են:








































