Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը տեղի է ունենալու Ստրասբուգում հունվարի 21-25-ը: Այս մասին հաղորդում է NEWSGEORGIA-ն՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, հարևանների եվրոպական քաղաքականության և ընլդայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆուլեի և Իտալիայի արդարադատության նախարար Պաոլա Սևերինոյի ելույթները ձմեռային նստաշրջանի ամենաէական պահերից են:
Սաակաշվիլիի ելույթը նախատեսված է հունվարի 21-ին:
Եվրոպական խորհրդի հաղորդագրության համաձայն՝ ձմեռային նստաշրջանի օրակարգում քննարկվելու են հարցեր՝ կապված Ադրբեջանի պարտականությունների կատարման, այդ երկրում քաղբանտարկյալների հարցի մոնիթորինգի, Կոսովոյում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է Վրաստանի և Ռուսաստանի շրջաններում տիրող հումանիտար իրավիճակը, որոնք տուժել են պատերազմից և հակամարտությունից:
Խորհրդարանականների առջև ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:








































