Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բավարարել է արտասահմանում Վրաստանի մինչև երկու տասնյակ դեսպանների պաշտոնից հեռացնելու մասին արտգործնախարար Մայա Փանջիկիձեի դիմումը: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանը:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ դեսպանը պաշտոնից հեռացվում է երկրի նախագահի կողմից երկրի ԱԳՆ համապատասխան փաստաթղթի հիման վրա:
Պետության ղեկավարին ուղղված նամակում Փանջիկիձեն միջնորդել է Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մինչև 20 դեսպանների պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:
«Նախագահն արդեն ստորագրել է արտգործնախարարի նամակը»,- նշել են մամլո ծառայությունում:
Փանջիկիձեի նամակում ընդգծվել է, որ իր միջնորդության բավարարման դեպքում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նոր ղեկավարներն անմիջապես կներկայացվեն:
Փանջիկիձեն առաջարկել է պաշտոնից հեռացնել, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և ԵՄ-ում, Բուլղարիայում Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում Վրաստանի դեսպաններին:









































