Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կրկին տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով կան վիրավորներ: Այսօր հայտնի է դարձել, որ երեկ բախումներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում, կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ:
Al-Jazeera-ն հաղորդում է, որ առնվազն 4 հոգի է սպանվել Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքում` ուրբաթօրյա աղոթքից հետո սկսված բողոքի ակցիայի ժամանակ: Հեռուստաալիքի լրագրողը պատմել է, որ այդ քաղաքում ցուցարարները սկսել են կոչեր անել, որից հետո քաղաքացիական հագուստով անվտանգության ներկայացուցիչները մոտեցել են իրենց և սկսել փայտերով խփել, իսկ դեպի հարակից փողոցներ փախչող ցուցարարների վրա կրակ են բացել:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բանիաս և Լաթակիա քաղաքներում, ինչպես նաև արդյունաբերական Հոմսում: Զոհերի մասին հաղորդում է նաև սիրիական պետական SANA գործակալությունը:
Երեկվա դեպքերին անմիջապես արձագանքել է Սպիտակ տունը, որը կոչ է արել զերծ մնալ բռնություններից և հարգել քաղաքացիների իրավունքները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք դատապարտում ենք ցուցարարների դեմ բռնությունների կիրառումը և ողջունում ենք սիրիացիների քաջությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հանգստություն պահպանել և խուսափել բռնությունների կիրառումից, ինչպես նաև խնդրում ենք Սիրիայի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և չխոչընդոտել խաղաղ ցույցերին»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին:
Երեկ հայտնի է դարձել, որ Սիրիայում ազատ է արձակվել Reuters գործակալության լրագրող Սուլեյման Ալ-Խալիդին, որը ձերբակալվել էր չորեքշաբթի օրը: Ըստ Reuters-ի` նույն գործակալության ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Հարիրիի գտնվելու վայրը, սակայն, մինչ օրս հայտնի չէ. նա նույնպես անհետացել էր 4 օր առաջ:










































