Երեկ մինչ Ռոբերտ Քոչարյանը իր բացատրություններն էր տարածում, թե ինչու չի մասնակցում նախագահական ընտրություններին, Սերժ Սարգսյանն իշխանական ամբողջ համակարգը հավաքել էր պաշտպանության նախարարությունում և հանդես էր գալիս բավականին ծավալուն մի ելույթով, որի առանցքում բանակն էր ու նաև` արտաքին քաղաքական հարցերը:
Ուշագրավ էր, որ ելույթի մեջ բացակայում էին ներքին քաղաքական խնդիրները, նախագահական ընտրությունները: Սակայն այս մասն ինքնին երևի թե ավելորդ էր, քանի որ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթի մեջ այդ ամենը ենթատեքստում էր, ընդ որում` բավականին թափանցիկ կերպով, և տեքստային հատուկ անդրադարձի կարիք, իհարկե, չէր զգացվում:
Դժվար է ասել` արդյոք Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ հունվարի 15-ին պլանավորվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, և դրա համար էր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած իշխանական հավաքը հենց այդ օրը կազմակերպել: Համենայնդեպս, Սարգսյանի համար երևի թե դժվար չէր լինի այդ մասին իմանալ, թեև, իհարկե, կարող է լինել նաև հակառակը` միգուցե Քոչարյանը գիտեր, որ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ՊՆ-ում, և իր հարցազրույցն էր հարմարեցրել դրան, որպեսզի Սարգսյանի ելույթին զուգահեռ` տարածվի իր հայտարարությունը: Եվ մինչ Սարգսյանը կփորձի իշխանական համակարգը ի մի բերել բանակով, Ռոբերտ Քոչարյանը կփորձի նույն այդ համակարգին համոզել, որ ինքը դեռ շարունակում է դրության տեր լինել առնվազն իշխանական համակարգի մի զգալի մասով և ունակ է այդ համակարգին դնել բարդ ընտրության առաջ:
Այսպես, թե այնպես` «երկու ղարաբաղցիների» պայքարն ակնհայտորեն ընթանում է, և չնայած Քոչարյանը հայտարարում է, որ հենց դրանից խուսափելու համար է հրաժարվել նախագահական թեկնածություն առաջադրելուց, այնուամենայնիվ` պարզ է, որ իրականում այդ հայտարարությունն էլ ընդամենը պայքարի մի մաս է:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ պայքարի զոհասեղանին դրված է ոչ միայն նրանցից մեկի կամ հենց երկուսի, այլ պետության ճակատագիրը: Ըստ որում, այդ ամենով հանդերձ` պայքարն ինքնին պետության խնդիրների հետ շատ քիչ կապ ունի: Այդ խնդիրները երկուստեք գործողություններում ընդամենը տեքստային հումք են, իսկ բուն օրակարգի և նպատակների առումով այդ ամենը որևէ գերակայություն չունի որևէ կողմում:









































