Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում արդեն 3-րդ օրն է, ինչ տեղի է ունենում «Միլիոնների երթի» բողոքի ցույցը, որը կազմակերպել է իսլամ աստվածաբան ու «Տեհրիկ-ե-մինհաջ Ուլ-Ղուրան» շարժման առաջնորդ Տայիր Կուդրին:
Իսլամաբադի կենտրոնական պողոտայով անցնում է շուրջ 40 հազար մարդ, որոնք արգելափակել են երկրի գլխավոր մայրուղու երթևեկությունը` պարզելով պաստառներ ու բացականչելով հակակառավարական կարգախոսներ:
Ցուցարարներին նոր ազդակ հաղորդեց Պակիստանի Գերագույն դատարանի երեկվա որոշումը, որը վճռեց ձերբակալել երկրի ներկայիս գործող վարչապետ Ռաջ Փերվեզ Աշրաֆին՝ կոռուպցիայի ու պետական միջոցների յուրացման մեղադրանքներով:
Հակառակ կանխատեսումների՝ Իսլամաբադում ցուցարարների թիվը չի նվազում, անգամ ձմեռվա ցուրտը մարդկանց չի ստիպում հրաժարվել միտինգից:











































