Վրաստանի խորհրդարանը Քութայիսից (Իմերեթի շրջան, Արևմտյան Վրաստան) Թբիլիսի հետ տանելը կնշանակի Քութայիսի և, ընդհանուր առմամբ, Արևմտյան Վրաստանի մահը: Այս մասին, ըստ «Գրուզիա Օնլայնի», հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Քութայիսում տեղի ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով խորհրդարանական մեծամասնության առաջարկը:
Երկար տարիներ Վրաստանի օրենսդիր մարմինը տեղակայված էր Թբիլիսիում, սակայն 2011 թ. Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ այն տեղափոխվեց Քութայիս: «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները, որոնք 2012 թ. հոկտեմբերի 1-ի ընտրություններով առաջ անցան «Միասնական ազգային շարժում»-ից, որը գլխավորում է Վրաստանի նախագահը, հանդես եկան այս փոփոխությունների դեմ:











































