«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանած տրակտորները:
Իր այդ տրակտորներից մեկը ԲՀԿ-ն անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից առաջ տարել էր Լոռու մարզի Շահումյան համայնք, որտեղ առաջադրել էր համայնքապետի թեկնածու: Ընդհանրապես ԲՀԿ-ն իր այդ նախընտրական տրակտորները քարոզչության էր «գործուղում» հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում:
Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ընտրություններից մի շաբաթ առաջ ԲՀԿ-ի թիմակիցները տրակտորը բերեցին իրենց գյուղ, «պտտեցրին շենքերի մոտ, հետևից Բար-գա-վաճ, Բար-գա-վաճ գոռացին, սրան-նրան անհանգստացրին, ճվացին-գոռացին ու մի քանի օր հետո առան՝ տարան»:
«Հաջորդ օրը կռվախնձոր դարձավ` մեկը տանում է սրա դուռը, մյուսը՝ նրա, ու մի քանի օր հետո այն անհետ կորավ: ԲՀԿ-ն թեկնածու ուներ գյուղում, դրա համար էին բերել, որ ցույց տան: Ռեյտինգ էին բարձրացնում: Բայց մի շաբաթի չափ պահեցին, ընտրություններում պարտվեցին, հետո էլ տրակտորն անհետ կորավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Է. Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ականները նախընտրական շրջանում Լոռու մարզի այլ համայնքներ էլ են տրակտորներ «գործուղել», բայց հետո «ետ կանչել»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն անցած տարվա մայիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ տրակտորներ էր բաժանել Հայաստանի տարբեր համայնքներում: Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին, բայց շատ արագ պարզվեց, որ ԲՀԿ-ից տարբեր համայնքներում ՍՊԸ-ներ են ստեղծել, որոնք էլ շահագործելու էին այդ տրակտորները: Այսինքն` այդ ՍՊԸ-ները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տրակտորներով գյուղացիական տնտեսություններին պատկանող հողակտորները պետք է մշակեր ոչ թե անվճար, այլ վարձավճարով: Բայց շատ համայնքներում այդ տրակտորները տարել, նախընտրական շրջանում պարզապես ցուցադրել են և այդպիսով տպավորություն են ստեղծել, որ այն նվիրում են այդ գյուղին:
Խորհրդարանական ընտրություններից հետո այդ տրակտորները «մասնակցեցին» աշնանային ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և մեծ մասամբ նորից ետ տարվեցին: Եվ հիմա համայնքներից պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ ԲՀԿ-ն ետ է տարել իր նախընտրական տրակտորները:
Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետի ընտրությունները: Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել և չի պաշտպանելու որևէ թեկնածուի: Այսինքն` այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա: Երևանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետև Հայաստանի մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա: Ուրեմն Գ. Ծառուկյանն իր նախընտրական տրակտորները կամ պետք է վաճառի, կամ էլ հավաքի որևէ կայանում՝ հաջորդ ՏԻՄ կամ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար:










































