Իրանի Հեղափոխական գվարդիայի հրամանատար Նասեր Շաբանին հայտարարել է, որ մոտ ապագայում Իրանի քաղաքներում կարող են անկարգություններ տեղի ունենալ: Այս մասին հայտնում է իրանական «Կանուն» թերթը:
«Անկարգություններ կարող են բռնկվել Իրանի փոքր քաղաքներում՝ Թեհրանից հեռու: Գոյության միջոցների փնտրտուքը և աշխատանքային դասի խոցելիությունը այն գործոններն են, որոնք կարող են անկարգություններ առաջացնել, սակայն մենք ունենք դրանց դեմ պայքարի հստակ փորձ»,- ասել է հրամանատարը:
Շաբանին հավելել է, որ իսլամական հեղափոխության պահակազորը ներկայում վերլուծում է անկարգությունների հնարավորությունը, որոնց պատճառ կարող են դառնալ տնտեսական հարցերը, պատժամիջոցների ազդեցության հետ կապված խնդիրներն ու այլ գործոններ:
«Միանգամայն հնարավոր է, որ որոշ մարդիկ փորձեն այդ գործոնները որպես քաղաքական գործիքներ կիրառել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է նա:
Իրանում երկրի 7-րդ նախագահ կընտրեն 2013-ի հունիսի 14-ին:
Ինչ վերաբերում է ընտրություններին, Շաբանին հայտնել է, որ պահակազորը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում ընտրությունների ժամանակ կայունություն ապահովելու համար:
Շաբանին, որն անվտանգություն է դասավանդում իմամ Հուսեյնի անվան համալսարանում, ասել է նաև, որ Ահմադինեժադը դուրս է եկել իսլամական հեղափոխության ուղուց:
«Նա ունեցել է այդ ուղուն հետևելու հնարավորությունը, սակայն դրա փոխարեն` նա իսլամական հեղափոխությունը դրել է սպառնալիքի տակ»,- ասել է հրամանատարը:











































