Ցանցահենները կիբեռհարձակում են իրականացրել PlayStation Store հավելվածների ինտերնետ-խանութի վրա՝ խափանելով ծառայության աշխատանքը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Sony Computer Entertainment ընկերությանը, որին պատկանում է ռեսուրսը:
Հաղորդվում է, որ հավելվածների խանութը երկուշաբթի օրը 2 ժամ օգտատերերի համար հասանելի չի եղել: Ընկերության տեղեկությամբ՝ մասնագետներին հաջողվել է լիովին վերականգնել խանութի աշխատանքը:
Տեղեկություն, որ հանցագործները ինչ-որ նյութեր են գողացել, չի հաղորդվում: Սկսվել է տեղի ունեցածի հետաքննություն: Իսկ BBC-ն հայտնում է, որ հարձակումն իրականացրել են Lizard Squad խմբի ցանցահենները:
Նոյեմբերի վերջին Guardians of Peace խմբի ցանցահենները «ջարդել են» Sony Pictures Entertainment-ի համակարգչային ցանցը և համացանցում բաց հասանելիության են դրել ստուդիայի մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ դեռ էկրան չբարձրացած: Ցանցահենները նաև հասանելիություն են ստացել ընկերության աշխատակիցների էլեկտրոնային փոստին և այլ տվյալների, հետո կինոընկերության ղեկավարությանը սպառնացել են հրապարակել դրանք:
Ավելի ուշ որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Հյուսիսային Կորեայի մասնագետներն են եղել Sony Pictures-ի համակարգիչների վրա հարձակման հետևում, որը պետք է շուտով ներկայացներ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին «Հարցազրույց» կատակերգությունը: Սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերքեցին այդ տեղեկությունը:
Ներկայումս հաստատված չէ, որ հարձակումները PlayStation Store-ի և Sony Pictures Entertainment-ի վրա կապ ունեն:






































