2012-ին ԱՄՆ բանակում ինքնասպանությունների թիվը 2011-ի համեմատ աճել է 15 տոկոսով՝ սահմանելով նոր ռեկորդ` փոխանցում է Reuters գործակալությունը:
Մեկ տարում 349 ամերիկացի զինծառայող է ինքնասպան եղել: Ամենից շատ ինքնասպանություններն արձանագրվել են ԱՄՆ-ի բանակի մեծաթիվ զորքերում՝ 182 մարդ: 2012-ին ինքնասպան է եղել ռազմածովային ուժերի` 60, ռազմաօդային ուժերի՝ 59, ծովային հետևակի 48 զինվոր:
Հարկ է նշել, որ Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 237 զինվոր:
Ինքնասպանվածների թիվն ամենամեծն է 2001-ից ի վեր, երբ Աֆղանստան էին ուղարկվել առաջին ստորաբաժանումները: Ավելի վաղ հայտնում էին, որ 2008-ին այս թիվը եղել է 128 մարդ, 2007-ին՝ 115, 2004-ին՝ 67:
Որոշ գնահատականներով՝ յուրաքանչյուր 80 րոպեն ռազմական ծառայությունից հեռացվածներից մեկը ինքնասպանություն է գործում: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան խոստովանել է, որ ինքնասպանությունը բանակում ամենալուրջ խնդիրն է, որն ինքը ստիպված եղել լուծել իր պաշտոնավարման ընթացքում: Ռազմական վարչությունն ինքնասպանությունների կրճատմանն ուղղված միջոցառումներ է ձեռնարկել, մասնավորապես` ընդլայնել է հոգեբանական օգնության «թեժ գծի» հնարավորությունները, ինչը, սակայն, առայժմ շոշափելի արդյունքներ չի տվել` նշել է Պանետան:










































