ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում սկսվել է ավանդական «ռեստորանային շաբաթը»՝ քաղաքի ամենակարևոր խոհանոցային իրադարձություններից մեկը: Ավելի քան 300 ռեստորաններ գրեթե մեկ ամիս հաճախորդներին հատուկ գներով համալիր մենյուներ կառաջարկեն,- հայտնում է ITAR-TASS-ը:
Նյու Յորքում «ռեստորանային շաբաթն» առաջին անգամ անցկացվել է 1992-ին: Այդ ժամանակից ակցիան նշանակալի փոփոխությունների է ենթարկվել. հիմա այն անցկացվում է տարին երկու անգամ՝ ձմռանն ու ամռանը: Ակցիային մասնակից ռեստորանների հաճախորդները լիովին հասանելի գներով կարող են ոչ միայն լանչ անել, այլև ընթրել: Այս տարի 3 ուտեստից կազմված լանչն արժե 25 դոլար, ընթրիքը՝ 38: Գնի մեջ ներառված չեն հարկերը, ալկոհոլն ու թեյավճարները: Այդ առաջարկը չի գործում շաբաթ օրերին, իսկ կիրակի օրերին գործում է, բայց ոչ բոլոր ռեստորաններում:
Ակցիային մասնակցում են ինչպես ոչ այնքան հայտնի, այնպես էլ Նյու Յորքի լավագույն գլխավոր խոհարարների՝ Մայքլ Ուայթի, Էնդրյու Քարմելլինիի, Մարկուս Սամուելսոնի, Դանիել Բուլյուի, Հարոլդ Դիտերլեյի ռեստորանները: Ակցիայի մասնակից ռեստորաններն առաջարկում են ֆրանսիական, իտալական, ճապոնական, լատինամերիկյան, հնդակական խոհանոցներ:
Քանի որ այս օրերին լավագույն խոհարարաների պատրաստածը փորձելու ցանկություն ունեցողներ շատ-շատ են լինում, սեղանները պետք է նախօրոք պատվիրել: Դա անել հնարավոր է՝ մտնելով հատուկ կայքը, որտեղ նաև ներկայացված են կոնկրետ ռեստորանների մենյուները:









































