4 անչափահաս երեխաների մայր Ամալյա Գրիգորյանը խոստովանում է, որ առնետներով լի թիթեղյա տնակում 4 երեխա մեծացնելը հերոսություն է։ Նրանք տնակում սկսել են ապրել 2002 թվականից, երբ գումարային խնդիրների պատճառով վաճառել են իրենց բնակարանը։ Իսկ հիմա պատկան մարմինները պատճառաբանում են՝ բնակարան չեք կորցրել, հետևաբար և չեք կարող նորը ստանալ։ Նրանց՝ անչափահաս երեխաներ ունեցող նորաստեղծ ընտանիքը ներկայումս նույնիսկ անօթևան չի համարվում։
Ամալյայի ամուսինը Գյումրու շուկայում սայլակով բեռներ է տեղափոխում, օրը 2-3 հազար դրամ գումար է աշխատում, սակայն կինը խոստովանում է, ոչ մի բանին չի բավականացնում, անգամ վառելիք գնելուն: «Տոլ վառելով, շիշ վառելով անցկացնում ենք օրը, էլի: Էս ապրել չի։ Էդ տոլի մուխը շնչելուց երեխեքը հազար հիվանդություն են ձեռք բերել: Մեկի քթերից ամբողջ օրը արյուն ա գալիս, մյուսի գլուխն ա ցավում ամբողջ օրը, մեկը թոքաբորբ ա»,- պատմում է մայրը:
Ամալյան շատ է ցանկանում երեխաներին մանկապարտեզ ուղարկել, բայց հնարավորություն չունի ամսական յուրաքանչյուրի համար 7000 դրամ վարձ պետք է վճարել։ Մանկապարտեզի փոխարեն երեխաները, եղանակին անհամապատասխան հագնված, առավոտից երեկո վազվզում են մինչև ծնկները հասնող փողոցի ցեխերի մեջ ու խաղում վաղուց չդատարկված աղբամանների շուրջ։ Իսկ երեկոյան էլ մոր հետ գնում են շուկայի տարածք՝ ստվարաթղթի արկղեր հավաքելու, որպեսզի երեկոյան տաքանան։ «Բա ի՞նչ անեմ, բա ցախ որտեղից առնեմ, ցախի մի կուբը 20 հազար է, ինձի 20 հազար որտեղի՞ց»,- ֊զարմացած մեզ է դիմում տան տիկինը:
Այս մեծ ընտանիքին իր հնարավորությունների սահմաններում օգնում է կրկին տնակում ապրող միայնակ թոշակառու հարևանուհին: «Ուտել կուզեն, հագնել կուզեն ու չեն էլ հասկանա՝ ոչ-ն ինչ է։ Ես էլ եմ մենակ, բայց մի բան կարող է ես չուտեմ, բայց բերեմ իրենց։ Երեխա են, մեղք են, լացում են, մի բան են ուզում։ Դե արի ու բացատրի, որ փող չկա»,- ասում է հարևանուհին։
Այս ընտանիքում արդեն քանի տարի է՝ ամանորյա եռուզեռ չի եղել: Ամալյան խոստովանում է՝ այդ օրերին դրսից փակում են տնակի դուդը, մի քանի օր դուրս չեն գալիս, որպեսզի հարևանները տեսնեն՝ իբր իրենք տանը չեն։ Հետո՝ տոներից մի քանի օր անց, բացում են դուռը և ասում, թե գյուղ էին գնացել, այն դեպքում, որ իրենք գյուղում բարեկամ չունեն։ «Բա ի՞նչ անենք, ի՞նչ Նոր տարի, ի՞նչ բան: Ինձ համար անգամ խնդիր ա էսօր էս փոքր սեղանին իմ երեխաների համար մի տաք բան դնելը»:
Բազմանդամ ընտանիքի հույսը բարեգործ մարդիկ են, որ կտեսնեն իրենց, իրենց անօգնական վիճակը և օգնության ձեռք կմեկնեն: «Ուրիշ հույս չունենք»,- ֊արցունքները մաքրելով ասում է գյումրեցի կինը:









































