Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նոր ղեկավարի գալով՝ մարդու իրավունքների ոլորտում ոչ մի դրական շարժ չի արձանագրվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ԿԺԴՀ-ում իրականացնել համակողմանի միջազգային հետաքննություն՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ, որը շարունակվում է տասնյակ տարիներ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պիլլեյը մտահոգված է, որ ԿԺԴՀ-ի հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը կապված է միմիայն նրա միջուկային ծրագրերի և հրթիռների գործարկման հետ։
Նա ուշադրություն է հրավիրել երկրում քաղբանտարկյալների վրա, որոնց թիվը հասնում է 200 հազարի՝ նշելով, որ ճամբարներում բռնություններ, բռնաբարություններ են կատարվում, առկա են ստրկական աշխատանքը և կոլեկտիվ պատիժը: Պիլլեյը նշել է, որ երկար տարիներ երկրի իշխանությունները հրաժարվում են համագործակցել ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ զեկուցողների հետ։
Պիլլեյը կոչ է արել ուսումնասիրել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների ոլորտի ամենաքիչ ուսումնասիրված կողմերը:











































