«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
– Երեկ Հայաստանի խորհրդարանը 103 քվեով՝ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին: Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ձայների այսքան մեծ հարաբերակցությամբ որոշման ընդունմանը և ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Միանշանակ բացասաբար: Այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկում նման պայմանագրին՝ կուզեի հիշեն, թե որ երկիրն է, որ Թուրքիայի հետ այժմ ռազմավարական գործընկերություն է սկսում և «Հյուսիսային հոսքը» փոխարինում «Թուրքական հոսքով», թե որ երկիրն է, որ Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին զենք է վաճառում և հրավիրում Մաքսային միություն, թե որ երկիրն է, որի փոխարժեքը 1 ամսվա ընթացքում մինչև 62% արժեզրկվել է: Եթե այս ամենը հաշվի առնելուց հետո իրենք կանգնում են այդ փլվող շենքի քարերի տակ, ուրեմն դա իրենց պրոբլեմն է: Այն, ինչ իրենք հաստատեցին իրենց ամրագրմամբ, ցույց տվեց, որ քաղաքական առումով հակված են այսուհետ, Հայաստանում նշանակումներ լինեն Կրեմլից, Ռուսաստանի նախագահը նշանակի իրենցից որևէ մեկին, և այդ առումով ցանկացած ելք գտան հիմնավորելու իրենց կողմնորոշման ճշմարտացիությունը: Իրականում այդ պայմանագրին միանալը անվերադարձ չէ, այդ միությունը կկայանա, թե ոչ՝ շատ մեծ հարցական է, որովհետև հաշվի առնելով վերջին շրջանում Բելառուսում ու Ղազախստանում տիրող իրավիճակը, ՌԴ-ում օր օրի խորացող ճգնաժամը՝ այդ պայմանագրին միանալը դեռ չի նշանակում միությանը միանալ, իմ կարծիքով՝ այն դժվար էլ կայանա:
– Այսինքն՝ Դուք կասկածո՞ւմ եք, որ միությունը կկայանա և Հայաստանի անդամակցությունը փաստ կդառնա:
– Իհարկե, կասկածում եմ: Այդ ամեն ինչը թղթի վրա է: Ես կարդացի ՌԴ նախագահի, որն այս թղթի ստորագրումից հետո արդեն մեր նախագահն էլ է՝ մեր շեֆը, ելույթը, և ցավում եմ, որ Ռուսաստանի նման երկրի նախագահը նման վիրտուալ ելույթ է ունենում: Ճիշտ է, սիրուն ելույթ էր՝ ազգայնական տոնայնությամբ, բայց իրականությունից այդչափ կտրված… Այդ 21 էջի ցանկացած նախադասության մեջ հստակ սուտ կար: Մաքսային միությունը ինքն էլ այդքան չի կարևորում, որովհետև դրա մասին ընդամենը 3,5 նախադասություն կար: Այսինքն՝ դա իր համար որոշակի գործիք է Ռուսաստանի տնտեսական-քաղաքական իրավիճակը բարելավելու համար:
– 3 օր շարունակ, երբ քննարկվում էր այս պայմանագիրը, տարբեր պատգամավորներ, պաշտոնյաներ հիմնավորում էին, որ շատ կարճ ժամանակում Հայաստանի տնտեսությունը կզգա դրական ազդակներ: Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանի տնտեսությունը գրեթե կիսաքանդ, կիսախարխուլ վիճակում է, կարո՞ղ է Հայաստանի տնտեսությունը դրա դրական ազդակները զգալ:
– Մի երկրի տարադրամ, որ 1,5-2 ամսում 62%-ով արժեզրկվեց, ոնց կարող է…Դա միանշանակ հակառակ ազդեցություն ունի մեր երկրի վրա: Այդ մարդիկ ՌԴ նախագահի նման իմիտացիոն գործընթացների մեջ են: ՀՀ-ում արտահանումը չի ավելանալու և չի ավելացել, ընդհակառակը՝ ՌԴ-ից վերադարձող հայ աշխատուժը եկել է արժեզրկված գումարով: Այդ գումարը դրամի արժեզրկման արդյունքում չի կարողանում դոլարի վերածել: Այստեղ խոսելու իմիտացիա է, սուտ: Այն, որ իշխանության ներկայացուցիչները պետք է իրենց այդպես պահեին՝ ինձ համար հասկանալի էր, բայց որ իրենց ընդդիմադիր համարողներն են այդպես պահում, այստեղ իսկապես խնդիր է առաջանում: Այդ մարդիկ չե՞ն մտածում՝ այդ ով էր, որ 2008-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքները դեռ չհրապարակված շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրենք այդ միությո՞ւն են ուզում գնալ, որտեղ նշանակվում են, որտեղ հաշվի չեն առնում հասարակության քվեն, առանց թվերը հաստատելու շնորհավորում են: Այսինքն՝ իրենք գնում են քաղաքականապես այնպիսի միավորման միանալու, որտեղ ընդդիմություն չկա:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ընդամենը 10 հոգի դեմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթին՝ այն դեպքում երբ ԱԺ-ում 4 ընդդիմադիր խմբակցություն կա: Ինչի՞ արդյունք է սա:
– Այդ ընդդիմադիր ուժերը ՌԴ-ին դեմ չեն խոսում, որովհետև մտածում են, որ Պուտինը կարող է հաջորդ նախագահ իրենց նշանակել և իրենք ավելի լավ կծառայեն Պուտինին, քան Սերժ Սարգսյանը: Այդ պարագայում, եթե Մաքսային միությունը կայանալու է, այնտեղ ենք մտնելու, ապա ինչ կապ ունի, թե ով է ՀՀ նախագահը, իրականում ՀՀ նախագահը Պուտինն է: Զարմանում եմ, թե այդ ուժերին ինչով ձեռնտու չէ Սերժ Սարգսյանը: Իրենք բոլոր գլխավոր հարցերում նույն տեսակետին են, ուղղակի ասում են՝ երբ մենք լինենք, ավելի լավը կլինենք, ու վերջ:
– Փաստորեն, եռյակի երկու կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ովքեր հանրահավաքներին հնչեցնում էին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի միանձնյա ընդունած որոշմանը: Չե՞ն հակասում իրենց որոշումները:
– Իրենք ոչ միայն կողմ քվեարկեցին, այլև համարեցին, որ հրաշալի քայլ է արված, և սա միակ ճիշտ լուծումն է: Ես զարմանում եմ, թե ինչու են նրանք քննադատում Սերժ Սարգսյանին, որովհետև գաղափարական առումով իրարից չեն տարբերվում: Նրանք կիսում են այդ գաղափարները, ուղղակի ասում են, որ այդ գաղափարին իրենք ավելի լավ կծառայեն: Իսկ այն արժեքները, որոնք այդ կուսակցություններն ամրագրել են իրենց կուսակցական ծրագրերում, դրանք իրենց համար գրոշի արժեք չունեն: Օրվա մեջ փոփոխվող արժեքներ են՝ ամեն գնով իշխանության հասնելու, ամեն գնով իշխանության տեր կանգնելու համար, իսկ այդ առումով իրենք ՀՀԿ-ից ոչնչով ավել չեն: Իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի վատն են, քանի որ խաղում են ժողովրդի նուրբ ցանկությունների, նուրբ հոգեբանական վիճակի վրա: Մի երկրում, որտեղ տարբեր ռուս չինովնիկներ գալիս և ասում են՝ գիտեք, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չդառնա, ապա Հայաստան ընդհանրապես չի լինի: Գործող իշխանությունը չի ասում, որ ինքը մեխի գլուխ չէ, Հայաստան կա ու կլինի, ընդդիմությունն էլ ասում է՝ ճիշտ են ասում: Այդ ընդդիմությանը անուն տալը ինձ համար չափազանց բարդ խնդիր է, և այս իրավիճակում մեր հասարակությունը, որ Ցեղասպանություն է տեսել, վերջին հարյուրամյակում լուրջ փորձությունների միջով է անցել, զգուշավոր է, նայում, հետևում է այս ամեն ինչին և հետևություններ է անում: Ու այս պարագայում մեր խնդիրը բարդ է: Այս պարագայում է, որ այսօրվա հանրահավաքին մարդկանց այս բազմությունն է եկել, բայց հավատացեք, որ տանը նստած 50%-ից ավել մարդ չի կիսում իրենց այդ եվրասիական փաստաթուղթը:
– Իսկ այսօրվա հանրահավաքին Ձեր մասնակցությունը ինչի՞ մասին է խոսում:
– 2008թ., երբ նույն ԲՀԿ-ն ավելի ջերմեռանդությամբ, քան ՀՀԿ-ն, տեղերում գումար էր բաժանում և իր ազդեցության տակ եղած ուժերին ստիպում էր, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեին, այդ ժամանակ ես նույնպես այս հրապարակում կանգնած էի և հարթակ չեմ բարձրացել: Մեր կուսակցությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը՝ մենք չենք համագործակցում այն ուժերի հետ, որոնք անցյալի ու ապագայի մեջ նախընտրում են անցյալը և գնում են Սովետական Միություն: Եվ մենք չենք համագործակցել ու չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք Մարտի 1-ի սպանդի հետ որոշակի կապ ունեն կամ էլ իրենց պահվածքով արդարացրել են նման կերպ իշխանության գալը, ավելին՝ այդ իշխանության մաս են կազմել պաշտոններ ձեռք բերելու և սեփական հարստությունն ավելացնելու համար: Մնացած բոլոր ուժերի հետ մենք հակված ենք համագործակցելու










































