Հունաստանի մայրաքաղաքի փողոցների անվտանգությունը կապահովեն մոտ 7000 ոստիկաններ՝ կապված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցի հետ, ով այսօր կժամանի Աթենք: Այս մասին հայտնել է Հասարակական կարգի և քաղաքացու պաշտպանության հարցերով նախարարությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Դավութօղլուի և նրա կաբինետի անդամների այցի կապակցությամբ ուրբաթ օրվանից մինչև շաբաթ օրվա կեսը արգելված են զանգվածային երթերը, ցույցերն ու հանրահավաքները: Քաղաքի կենտրոնում կփակվեն մի շարք փողոցներ և մետրոյի մի քանի կայարաններ:
Անվտանգության նման խիստ միջոցառումների պատճառը նաև այն է, որ վարչապետի երկօրյա այցը համընկնում է 15-ամյա տեղացի դեռահաս Ալեքսիս Գրիգորոպուլոսի սպանության 6-րդ տարելիցի հետ: 2008 թվականի դեկտեմբերի 6-ին նա սպանվել էր ոստիկանի կրակոցից: Ամեն տարի այդ օրն Աթենքում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի են ունենում բախումներ:
Դավութօղլուն կհանդիպի Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Նրանք կգլխավորեն երկու երկրների պատվիրակությունները Հունաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի 3-րդ նիստին: Դավութօղլուին կընդունի Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը:
Այցը տեղի է ունենում կողմերի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ինչի պատճառը կիպրական խնդրի կարգավորման խափանումն է և Անկարայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթագազային ռեսուրսների սեյսմիկ հետազոտության անցկացումը:









































