Նիգերիայի իշխանությունները հայտարարել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման ղեկավարներից մեկին կալանավորելու մասին, որը կապ ունի մի քանի հարյուր մարդու սպանության հետ: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հաղորդել են Նիգերիայի բանակի հրամանատաությունից, զինյալը կալանավորվել է Մայդուգուրի քաղաքի շրջաններից մեկում՝ երկրի հյուսիս-արևելքում:
Իշխանությունների տվյալներով՝ նա մասնակցել է Նիգերիայի մի քանի քաղաքներում պայթյունների կազմակերպմանը:
Դեկտեմբերի վերջին Կանո քաղաքում երկու մահապարտ ահաբեկիչներ պայթուցիկներով լի մեքենայով մտել էին բջջային կապի օպերատորի սրահը: Ավտոմեքենան պայթել էր ներսում, զոհվել էին միայն հարձակվողները:
Ենթադրվում է, որ ահաբեկչությունը կազմակերպել էր «Բոկո Հարամը», որը ավելի վաղ մի քանի հարձակում էր իրականացրել հեռախոսային ընկերությունների վրա, որոնք, ըստ դրա ղեկավարների, օգնում են անվտանգության ուժերին ձերբակալել կազմակերպության զինյալներին:
Խմբավորման անդամները հանդես են գալիս գործող կառավարությունը տապալելու և երկրում շարիաթի կանոններ հաստատելու օգտին:









































