Հետազոտող Փոլ Ռոզոլին, որին անակոնդան կուլ էր տվել Eaten Alive («Ողջ-ողջ կերված») հեռուստահաղորդման նկարահանումների ժամանակ, պատմել է օձի ներսում եղած ընթացքի մասին: Սա՝ NBC հեռուստաալիքի Today շոուի եթերում:
Ռոզոլին, որն անակոնդայի ներսում մոտ 1 ժամ է անցկացրել, բացատրել է, որ իր փորձի գլխավոր նպատակը եղել է Ամազոնի արևադարձային անտառների անհետացման խնդրին ուշադրություն հրավիրելը:
«Վերջինը, ինչ ես հիշում եմ, օձի լայն բացված երախն էր իմ դեմքի առաջ: Դրանից հետո ամեն ինչ մթնեց»,- պատմել է հետազոտողը:
Նա չի նշել, թե ինչպես է դուրս եկել օձի միջից:
Փորձի ազդագրի հրապարակումից հետո PETA («Մարդիկ՝ հօգուտ կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի») կազմակերպության ակտիվիստները դատապարտել են հաղորդման հեղինակների գործողությունները: PETA-ի հայտարարությունները մեկնաբանելով՝ Ռոզոլին նշել է, որ գնահատում է օձի առողջությամբ շահագրգիռ կազմակերպության մտահոգությունը: Նա նշել է, որ անակոնդան փորձից հետո ողջ է և իրեն լավ է զգում:
Eaten Alive հաղորդումը կցուցադրվի Discovery Channel հեռուստաալիքի եթերում 2014 թ. դեկտեմբերի 7-ին:










































