ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների 13 փորձագետներից բաղկացած խումբը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով արդեն Հայաստանում է: Նրանք պատրաստվում են դիտել ընտրությունների ընթացքը, դրանից հետո զեկույց հրապարակել, իսկ երկրորդ փուլ լինելու դեպքում՝ հետևել նաև դրա ընթացքին:
Նշենք, որ ԵԱՀԿ-ն ընտրությունների ընթացքը հետևելու համար Հայաստան է գործուղելու թվով 280 կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդներ:
ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մինչ այս պահը կատարել է իր ֆորմալ պարտականությունները.«Նման ներկայացուցչական կազմը խոսում է ԵԱՀԿ դիտանկյունից առաջիկա ընտրությունների նշանակության մասին, և ամենայն հավանականությամբ իշխող վարչախումբը որոշակի պարտավորություններ է վերցրել: Ընտրություններից հետո, եթե ԺՀՄԻԳ-ը որոշակի դրական գնահատականի արժանացնի ՀՀ-ում կայանալիք ընտրությունները, ապա Հայաստանի եվրոպական գործընկերների կողմից նրանց ստանձնած պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»:
Հարցին՝արդյոք նման ներկայացուցչական կազմը անմրցունակ ընտրությունների պարագայում չի՞ լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի վերընտրվելը, փորձագետն ասաց. «Դա մեր հասարակության քաղաքացիական գիտակցության և կամքի պարտադրման տիրույթում է գտնվում: Երբ մեր հանրությունը պատասխանատվության կանչի դիտորդական առաքելություններին, այն ժամանակ էլ կհետևի այդ առաքելությունների պատասխանատվություն ստանձնելու արդեն ոչ ֆորմալ գործընթացը՝ հաշվի առնելով նույն այդ հանրության պահանջներն ու կամքը»:










































