«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարում այսօր կխոսենք արտաքին քաղաքականության և այն մասին, թե այդ տեսանկյունից ինչ խնդիրներ, մարտահրավերներ ու նաև հեռանկարներ է պարունակում 2013 թվականը Հայաստանի համար։ Այս մասին կզրուցենք արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
– Պարոն Նավասարդյան, ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան նախորդ տարի և ի՞նչ շարունակություն և ազդեցություն կունենան դրանք 2013թ.։
– Մեզ առավել հետաքրքրում է մերձավորարևելյան իրավիճակը, մասնավորապես՝ Սիրիան, որտեղ բավական հոծ հայկական համայնք կա։ Տեսակետ կա, որ սիրիական խնդիրը կարող է հանգեցնել խոշոր ռազմական բախումների, որին ես չեմ հավատում։ Կարծում եմ, այսպես կոչված՝ արաբական գարունը լուրջ խնդիրներ է պարունակում Մեծ Մերձավոր Արևելքի համար։ Հիմա բոլորն ուզում են շագանակը կրակից ուրիշի ձեռքերով հանել, մասնավորապես՝ ԱՄՆ-ը չի գնա նման քայլի, առավել ևս՝ Ռուսաստանը։
– Պարոն Իսկանդարյան, որո՞նք են լինելու արտաքին քաղաքականության հիմնական իրադարձություններն ու մարտահրավերները գալիք տարում։ Ի՞նչ մարտահրավերներ կան Հայաստանի համար։
– Մեզ համար ոչ այնքան վտանգավոր է Սիրիայում տեղի ունեցողը, որքան այն, որ արաբական գարնան հետևանքով տարածաշրջանում փոխվում է Թուրքիայի, Իրանի, Միացյալ Նահանգների դերը։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանի ներքին քաղաքական փոփոխություններն այս տարի իրենց ազդեցությունն են ունենալու նրա արտաքին քաղաքականության վրա։ Իրանում այս տարի տեղի կունենա իշխանության փոփոխություն։ Սրանք տարածաշրջանային մարտահրավերներ են։ Սակայն ասեմ նաև, որ Հայաստանին մինչ օրս հաջողվում է պահպանել իր տեղը տարածաշրջանում։ Չեմ կարծում, թե 2013-ին աղետալի իրադարձություններ տեղի կունենան։
Ա.Ն.- Ուղիղ 100 տարի առաջ Բալկանները վառոդի տակառի դեր կատարեցին՝ այնտեղից բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Մեծ Մերձավոր Արևելքում ոչ Սիրիան, ոչ էլ մյուս պետությունները չունեն դետոնատրի դեր խաղալու բաղադրիչներ։ Կարծում եմ, լարված աշխարհաքաղաքական վեկտորը տեղափոխվում է դեպի հարավային Ասիա և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այնտեղ հիմնական խաղացողներ են ԱՄՆ-ը և Չինաստանը։ Այստեղ էլ, կարծում եմ, չի լինի նոր համաշխարհային պատերազմ, որովհետև երկու հիմնական ֆիգուրանտները հասկանում են, որ ջերմամիջուկային դարում նման բախումը կարող է կատաստրոֆիկ լինել ամբողջ աշխարհի համար։
– Նախորդ տարին նշանավորվեց նաև նրանով, որ Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Խրիստենկոն հայտարարեց, թե տարեսկզբին սպասվում է, որ Հայաստանը գործակցության հուշագիր կստորագրի Մաքսային միության հետ։ Եվրամիությունն էլ ասում է, թե այդ դեպքում Հայաստանը չի կարող ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ։
Ա.Ի.- Տարեվերջին այս հարցը բուռն քննարկվում էր հայկական մամուլում, որը, սակայն, երբեմն կապ չունի իրական քաղաքականության հետ։ Պարզապես գոյություն չունի Եվրամիության և Եվրասիական միության միջև ընտրություն կատարելու իրավիճակ։ Եվրասիական միությունն այսօր դեռ մեդիա պրոյեկտ է, որը Ռուսաստանի կողմից հետխորհրդային պետությունների լոյալությունը ստուգելու ձև է։ Մաքսային միությունը պրոյեկտ չէ, այն կա։ Հայ հասարակությունը սրանք ընդունում է իբրև մարտահրավերներ, բայց կարելի է դրանք համարել հնարավորություն։
Ա.Ն.- Ես համամիտ եմ, որ նման բան դեռ գոյություն չունի։ Ավելի շուտ կա շահարկման խնդիր, որը հանրությանը բաժանում է երկու մասի։ Կարծում եմ, նման հարցադրում այսօր չպետք է լինի։ Մենք պետք է տեսնենք, թե որն է մեր շահերինց բխում։ Եթե Պուտինը այնքան զարգացնի այս խնդիրը, որ այն դառնա օրակարգի հարց, դա պետք է վճռեն ոչ թե իշխանությունները, այլ հարցը պետք է դրվի հանրաքվեի։
– ԱՄՆ վարչակազմում կատարվող կադրային փոփոխությունները կբերե՞ն Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխության։
Ա.Ի.- Ոչ, չեմ կարծում, դա պարզապես չինովնիկների փոփոխություն է։
Ա.Ն.- ԱՄՆ-ի նման պետությունը ունի խորքային ստրատեգիա, և կան տակտիկական հարցեր։ Տեսանելի ապագայում, ով էլ գա, ոչինչ չի փոխվում, ոչ ոք էլ չի ճանաչելու մեր Եղեռնը։
– Ի՞նչ կասեք ամերիկա-ռուսական հարաբերությունների մասին։
Ա.Ն.- Չեմ կարծում, թե սառը պատերազմը վերադառնում է, չնայած ինչ-որ հարցեր կան, բայց դրանց կողքին լավ բաներ էլ կան։
– Պրն Իսկանդարյան, Անդրկովկասի երեք հանրապետություններում այս տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Անակնկալներ կամ փոփոխության միտումներ տեսնո՞ւմ եք։
– Կովկասում ոչ մի լուրջ ընտրություն չի լինելո։ Ադրբեջանում ընտրություններ չեն լինելու։ Հայաստանում կլինեն ընտրություններ, և արդյունքը բավական հստակ պատկերացնում եմ։ Վրաստանում փոքր-ինչ հետաքրքիր է, քանի որ դեռ բավական ժամանակ կա մինչև հոկտեմբեր։ Կարծում եմ՝ կմնա Բիձինայի իշխանությունը։ Կարող են փոխվել ռուս-վրացական հարաբերությունները, և այդ հարաբերությունների փոփոխված ձևաչափում Հայաստանը կարող է փնտրել իր տեղը։
– Պրն Նավասարդյան, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը փորձում է իր արտաքին քաղաքականությունը դիֆերսիֆիկացնել դեպի Արևմուտք, որն էլ աննախադեպ մեծ ուշադրություն է ցուցաբերում այդ առումով։ Արդյո՞ք Հայաստանը առավել կարևորվում է միջազգային գործընթացների շրջանակներում։
– Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, և մեր աշխարհաքաղաքական դիրքը մեզ պարտադրում է մանևրել այդ խոշոր բլոկների միջև։ 10 տարի անընդհատ թմբկահարում ենք, թե մեր կոմպլեմենտար քաղաքականությունը մեծ արդյունքների է հասել, ինչը, սակայն, ես չեմ տեսնում։ Այսօր ղեկավարությունն աշխատում է և Արևմուտքի, և Արևելքի հետ, փորձում է ինչ-որ եզրեր գտնել՝ լուծելու համար այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդիրները։ Ընդհանրապես, դիվանագիտության մեջ չպետք է խոսել նվաճումներից։ Եթե պարտություն չկա, արդեն նվաճում է։
– Ի՞նչ-որ բան հնարավո՞ր է սպասել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։
Ա.Ի.- Ոչ։ Կլինեն ինչ-որ հանդիպումներ եթե ոչ նախագահների, ապա արտգործնախարարների մակարդակով, ձևաչափը կպահպանվի։ Ղարաբաղյան գործընթացում հիմա հնարավոր չեն լուրջ փոփոխություններ։
– Պարոն Նավասարդյան, Սաֆարովի պատմության հետ կապված՝ Հայաստանը դիվանագիտորեն ադեկվա՞տ էր այդ իրավիճակում։ Արդյոք քաղվե՞ց այն օգուտը, որ հնարավոր էր Ադրբեջանի և Հունգարիայի գործարքի սխալից։
– Քաղվեց, թե չքաղվեց, չգիտեմ, բայց մեր պաշտոնական ռեակցիան ադեկվատ էր։






































