Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին արագ ապաքինում է մաղթել նրա պերուացի գործընկեր Օլյանտա Ումալան: Վերջինս ուրբաթ օրն աշխատանքային այցով ժամանել է Կուբա, որտեղ վիրահատությունից հետո ապաքինվում է Չավեսը` հայտնում է ITAR-TASS-ը:
Այցի պաշտոնական ծրագրով չի նախատեսվում Պերուի նախագահի հանդիպում Չավեսի հետ: Ումալան հայտարարել է, որ «անպայման կտեղեկանա, թե ինչպես է Չավեսը»:
Սպասվում է, որ այցի շրջանակներում կլրացվի տեխնիկական համագործակցության մասին գործող` կուբա-պերուական պայմանագիրը, կստորագրվի նաև գիտական կոչումների և բարձրագույն կրթության դիպլոմների փոխադարձ ընդունման մասին համաձայնագիր, նաև կքննարկվեն Կուբայի և Պերուի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Ներկայում երկու երկրները համագործակցում են կրթության և առողջապահության ոլորտներում, որի շրջանակներում Կուբայում մոտ 1000 պերուացի ուսանող է սովորում:
Ուրբաթ օրն ավելի վաղ մասնավոր այցով Կուբա էր ժամանել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները: Տեղական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ նա մտադիր է «իր համերաշխությունը հայտնել» Ուգո Չավեսին:
Ավելի վաղ հայտնում էին, որ այս ուրբաթ Չավեսին մտադիր էր այցելել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ուգո Չավեսը Կուբայում է դեկտեմբերի 11-ից, որտեղ նրան վիրահատել են: Այն տևել է 6 ժամ ու ընթացել բարդություններով. նա այժմ շնչարգելություն ունի:









































