«Մի կողմից՝ նախագահի թեկնածուների թիվը շատ է, մյուս կողմից՝ քանակը հասարակությանն ընտրության հնարավորություն չի տալիս: Այդ թեկնածությունների մեջ, քանակի մեջ ժողովուրդն իմաստ է փնտրում` օգտվելով այն ինֆորմացիայից, որ տալիս է մամուլը: Պատկերավոր ասած՝ գործ ունենք ճոխ սեղանի հետ, որը հաճախ կրկնվում է»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
Խոսելով ընտրագրավի մասին, որից դժգոհ են նախագահի թեկնածուներից շատերը, Արթուր Աթանեսյանն ասել է. «Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ սովորեցնում են ոչինչ չծախսելով՝ ստանալ ամեն ինչ, 300 դրամով ձեռք բերել տուն, ավտոմեքենա: Սա ռացիոնալության մեր ազգային մոդելն է: Մեծամասնությունը կուզենար դառնալ նախագահ` ոչինչ չանելով բնակչության համար»: Մեր քաղաքական, տնտեսական կուլտուրայի մի մասն էլ սոցիոլոգը համարում է «ստվերային խաղերը»:
«Կա և առաջարկի դեֆիցիտ, և պահանջարկի պրոբլեմ: Ամենաշատըն առաջարկում են կայունություն և անփոփոխ վիճակ: Առաջ գնալու որևէ մեթոդ չի առաջարկվել: Խնդիրն այն է, որ բնակչությանն անհրաժեշտ է փոփոխություն, թեկուզ փոքր, բայց ակներև: Թեկնածուների մի մասն առաջարկում է գլոբալ բաներ, որ քաղաքացին հասկանում է` անհնար է, իսկ հաղթանակի հնարավորություն ունեցող անձը` կայունություն, ինչին չի սպասում օդանավակայանում նստած մարդը»,- ասել է Արթուր Աթանեսյանն ու հավելել, որ թեկնածուների մի մասը պոզիտիվ լիցքեր չի հաղորդում մարդկանց:






































