Թուրքիայի համար ադրբեջանական գազն արժե 350 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, ասել է SOCAR Turkey Energy-ի ղեկավարը՝ Petkim նավթաքիմիական վարչության անդամ Կենան Յավուզը, հայտնում է Zaman թերթը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական գազը Թուրքիայի համար գնային առումով ամենաձեռնտուն է, քանի որ այլ մատակարարների գազը շատ ավելի թանկ արժե:
Այսպես, Թուրքիայի համար իրանական գազն արժե 500 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, ռուսականը՝ 400:
Ներկայումս Թուրքիան ադրբեջանական գազ է ստանում «Շահ-Դենիս» հանքավայրից Հարավկովկասյան գազատարով (Բաքու-Թբիլիսի-Էրզրում): Պայմանագրի համաձայն՝ հանքավայրի մշակման առաջին փուլի շրջանակներում Թուրքիան պետք է ստանա 6.6 մլրդ խմ գազ, երկրորդ փուլից՝ ևս 6 մլրդ խմ:
«Շահ-Դենիս» հանքավայրի ընդհանուր պաշարը գնահատվում է 1.2 տրլն խմ:
«Շահ-Դենիս» հանքավայրի մշակման պայմանագիրը ստորագրվել է 1996-ի հունիսի 4-ին: Համաձայնագիրը ստորագրել են՝ BP՝ 25.5 տոկոս, Statoil-ը՝ 25.5, NICO-ն՝ 10, Total-ը՝ 10, Lukoil-ը՝ 10, TPAO-ն՝ 9, SOCAR-ը՝ 10:









































