Եգիպտացի իմամ Խաշիմ ալ-Աշրին ելույթ է ունեցել եգիպտական հեռուստատեսությամբ՝ կոչ անելով քրիստոնյա կանաց խաջիբ հագցնել և երկրում հավատքի ոստիկանություն ստեղծել, տեղեկացնում է “Православие.by” պորտալը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:
«Ինձ երկու անգամ հարցրել են, թե արդյոք իշխանության գալու դեպքում ես թույլ կտայի քրիստոնյա կանաց առանց խաջիբի դուրս գալ: Ես պատասխանել եմ, որ եթե նրանք ցանկանում են, որ իրենց փողոցում բռնաբարեն, թող առանց խաջիբի դուրս գան»,- հայտարարել է Խաշիմ ալ-Աշրին եգիպտական «Ալ-Նախար» հեռուստաալիքին տրված հարցազրույցում:
Հոգևորականն ասել է նաև, որ «որպեսզի Եգիպտոսն ամբողջովին մուսուլմանական պետություն դառնա, հարկավոր է արգելել ալկոհոլը, իսկ բոլոր կանայք պետք է մուսուլմանական գլխաշորեր կրեն»:
Տնտեսական անկման և սննդի թանկացման պայմաններում չափավոր մուսուլմանները, քրիստոնյաներն ու եգիպտական հասարակության այլ անդամներ մտահոգված են, որ նոր ստացված քաղաքական անկախությունը կարող է օգտագործվել ծայրահեղ իսլամիստների կողմից, որոնք նպատակադրվել են իրենց հայացքները թելադրել Եգիպտոսի բնակիչներին:










































