Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել երկրի հյուսիսում գտնվող առանցքային ռազմական բազան: Այս մասին հաղորդում է France-Press-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH):
Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը հաղորդել է, որ Տաֆթանազ ռազմական օդանավակայանի համար մարտերը ավարտվել են տեղի ժամանակով ժամը 11.00-ին, և բազան ամբողջությամբ անցնել է ապստամբենրի վերահսկողության տակ:
«Կառավարական ուժերը տվել են շատ զոհեր: Զինվորների և սպաների մեծ մասը փախել է առավոտյան»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը գովել է Սիրիայի ընդդիմությանը տազմական բանազան գրավելու կապակցությամբ և հայտարարել, որ այս գործողությունը վկայում է ապստամբական բանակի աճող հզորության մասին: Նրա խոսքերով՝ այս օբյեկտի կորուստը նախագահ Բաշար Ալ-Ասադին կզրկի երկրի հյուսիսում գտնվող իր կողմնակիցներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունից:
Միևնույն ժամանակ, Նուլանդը որևէ կերպ չի մեկնաբանել այն հանգամանքը, որ ավիաբազայի գրավմանը մասնակցել են նաև իսլամիստական ջոկատներ, այդ թվում՝ «Ալ-Նուսրա ճակատ» կազմակերպությունը, որը ԱՄՆ-ը հայտարարել է «ահաբեկչական»:
Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիրները մի քանի ամիս շարունակ մարտեր էին մղում Իդլիբի Տաֆթանազ քաղաքի մոտ տեղակայված ռազմական օդանավակայանի համար:









































