Թուրքիայի Գերագույն Վերաքննիչ դատարանի դատախազի գրասենյակը պահանջում է բեկանել Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի որոշումը՝ պնդելով, որ սպանությունը կազմակերպված է եղել: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:
«Ակնհայտ է, որ սպանությունը սովորական մարդասպանություն չէ, գործողությունները նպատակ են ունեցել հասարակության մեջ քաոս առաջացնել, թուլացնել իշխանությունը, պառակտել միասնությունը և պետության տարածքային ամբողջականությունը և երկիրը դնել տագնապալի իրավիճակում»,- ասվում է գրասենյակի բողոքարկման մեջ:
Հիշեցնենք, որ «Ակօս» թերթի խմբագիր` թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է խմբագրության մուտքի մոտ` 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից, 2007 թվականի հունվարի 19-ին:










































