Կոտ դ’Իվուարի վարչապետ Գիյոմ Սորոն հայտարարել է, որ ընդդիմության զորքերը Ալասանա Ուատտարայի գլխավորությամբ շրջափակել են երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջան քաղաքը: Սա բոլոր առումներով երկրի ամենակարևոր կենտրոնն է, և այն կորցնելու դեպքում ընտրություններից հետո նախագահի պաշտոնը զավթած Լարան Գբագբոն ստիպված կլինի զիջել: Հայտնի է, որ ընդդիմությունը հանձնվելու համար մի քանի ժամ է տվել Գբագբոյի կողմնակիցներին:
BBC-ն հաղորդում է, որ կատաղի մարտեր են ընթանում գործող նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների միջև Աբիջանի մերձակա քաղաքներից մեկում` Կոկոդիում գտնվող նախագահական նստավայրի մոտ: Չի գործում Կոտ դ’Իվուարի հեռուստատեսությունը, որը հեռարձակվում է Կոկոդիից: Նույն հեռուստաալիքի փոխանցմամբ, Ուտտարայի կողմնակիցները վերահսկում են Կոտ դ’Իվուարի տարածքի մոտ 80%-ը:
Տեղեկություններ կան, որ Գբագբոյի բանակը լքում են նախագահին հավատարիմ զինվորականները: Հայտնի է, որ զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Մանգուն ընտանիքով ժամանել է Հարավային Աֆրիկայի դեսպանի նստավայր և քաղաքական ապաստան խնդրել:
Reuters գործակալությունը փոխանցում է, որ Կոտ դ’Իվուար են ուղարկվել մոտ հազար ֆրանսիացի զինվորական, որոնք պետք է պաշտպանեն Ֆրանսիայի՝ Աբիջանում գտնվող քաղաքացիներին, որոնք ենթարկվում են Գբագբոյի կողմնակիցների հարձակմանը:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Կոտ դ’Իվուարում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Միջազգային կազմակերպությունները, շատ երկրներ` Աֆրիկայում և Արևմուտքում, լեգիտիմ ընտրված նախագահ ճանաչեցին ընդդիմադիր Ուատտարային, սակայն Գբագբոն հրաժարվեց թողնել իր պաշտոնը, իսկ երկիրը մտավ անկայունության երկարատև փուլ:








































