Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Քութայիսում և Թբիլիսիում ահաբեկչական գործողությունների կանխման հետ կապված գումարել է Անվտանգության խորհրդի նիստ:
Իր ելույթում Սաակաշվիլին նշել է, որ ներկայիս ահաբեկչական ակտերը կապված են մի քանի ամիս առաջ կազմակերպված ահաբեկչական ակտերի հետ.
«Սա ահաբեկչության առաջին ու վերջին փորձը չէ: Մենք պետք է ուժեղացնենք մեր անվտանգության միջոցները: Մեզ հաջողվեց Քութայիսում կանխել լավ պլանավորված, կազմակերպված ու ֆինանսավորված ահաբեկչական հարձակումը:
Մենք տեղեկացված ենք, որ այս ահաբեկչական գործողությունները կապված են մի քանի ամիս առաջ Վրաստանի տարածքում գրանցված ահաբեկչական գործողությունների հետ:
Պետք է ավելացնենք մեր ջանքերը, որպեսզի պահպանվի վերջին տարիներին Վրաստանում տիրող խաղաղության ու անվտանգության մակարդակը, որն ավելի բարձր է, քան մեր հյուսիսային հարևան երկրում: Ես շնորհակալ եմ մեր իրավապահներին»: