Պոլսի «Մարմարա» օրաթերթը գրում է, թե «Ցեղապաշտության ու ազգայնամոլության «Կեցի՛ր ըսէ» կազմակերպությունը» պատրաստվում է հատուկ միջոցառումներով ոգեկոչել Հրանտ Դինքի հիշատակը՝ նրա սպանության 6-րդ տարելիցի կապակցությամբ։ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին։ «Հրանտն ի՞նչ էր պատմում Թուրքիային» խորագրով լրատվության մեջ «Ռադիկալ» թերթը հաղորդում է, թե ոգեկոչման հանդիսությունները այս տարի կսկսվեն հունվարի 9-ից սկսած։ Այս մասին տեղեկացնում է «Նոր Յառաջ»-ը:
Հունվարի 11-ին Թաքսիմի «Հիլ» պանդոկում ոգեկոչման հատուկ միջոցառում տեղի կունենա։ Կազմակերպության անունից Չենգիզ Ալկան հայտնում է, թե այս միջոցառումներով կբացատրվի, թե ինչ էր ցանկանում Հրանտը պատմել Թուրքիային։ Ալկան բողոքում է, որ սպանության բուն հեղինակները տակավին բացահայտված չեն։ «Հակառակ այն բանին, որ դատարանի վճիռը դատավորին և դատախազին նույնիսկ չէին գոհացնում, հակառակ նրան, որ հանրապետության նախագահը պետական քննող հանձնախմբին հանձնարարականներ տվեց, հակառակ նրան, որ Թուրքիան դատապարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և հակառակ նրան, որ կառավարության խոսնակը Հրանտի սպանությունը համարում է «մեզի համար արյունոտ վերք», վեց տարի է` ոչ ոք չկարողացավ բռնել այս ոճրագործության բուն հեղինակների օձիքներից»,- հայտարարել է նա։
«Հրանտը մեր աչքի առջև անհետացավ, գնաց։ Բուն ոճրագործները ոչ միայն չբացահայտվեցին, այլև այս խնդրի հետ կապ ունեցող պաշտոնյաները վարձատրություններ ստացան, նրանք պաշտոնի բարձրացումներ ունեցան։ Պետությունը իր ոչ մի պաշտոնյային չպատժեց այս ոճրագործության համար»,- եզրակացրել է Ալկան։
Հունվարի 19-ին, Թուրքիայիի ժամանակով ժամը 13.30-ին՝ այն ժամին, երբ սպանվեց Դինքը, Շիշլի թաղամասից մինչև նրա հիմնած «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատուն կանցկացվի քայլերթ:
Դինքի ընկերները նաև պատրաստել են հատուկ տեսանյութ, որը լայն արձագանք է գտել։









































