Այսօր կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հմտորեն խույս տվեց լրագրողներից: Կառավարության շենքի գլխավոր մուտքով իջնելիս նախարարը հավանաբար հույս ուներ, թե լրագրողներն արդեն հեռացած կլինեն շենքից, սակայն տեսնելով իրեն սպասող լրագրողներին` նա թեքեց ճանապարհը: Ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ «կգա՞ք, Ձեզ ենք սպասում», Արմեն Մովսիսյանը խոստացավ շուտով վերադառնալ:
Սակայն մոտ մեկ ժամ տևած սպասումն իզուր էր: Նախարարն իր խոստումը չկատարեց ու պարզապես «փախավ» լրագրողներից:
Հիշեցնենք, որ օրակարգային ամենասուր հարցը գազի գնի խնդիրն է: Դեռ անցած տարվա դեկտեմբերի 13-ին Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե «ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, Ռուսաստանը փորձում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը, մինչդեռ հայկական կողմը ձգտում է դա թույլ չտալ», և որ արդյունքները պարզ կլինեն մինչև տարեվերջ:
Դեկտեմբերի 22-ին՝ Էներգետիկների օրը, երբ ավանդաբար նախարարը ասուլիսում ամփոփում էր «ձեռքբերումները», Մովսիսյանը չհրավիրեց խոստացած ասուլիսը: Տարին ավարտվեց, և գազի գնի վերաբերյալ ոչ մի հստակեցում պաշտոնապես չի մտցվել:











































