Ծովակալ Հորացիո Նելսոնի՝ իր սիրելի լեդի Էմմա Համիլթոնին ուղղված նամակն աճուրդում վաճառվել է մոտ 24 000 ֆունտ ստերլինգով, հայտնում է BBC-ն: Christie’s աճուրդի տունը ենթադրել է, որ լոտը 10-15 000 ֆունտ ստերլինգ կարժենա:
Նշվում է, որ նամակը գրվել է 1801 թ. փետրվարի 12-ին, այսինքն՝ Նելսոնի և Համիլթոնի ապօրինի դստեր ծնունդից կես ամիս անց: Զույգն աղջկան ներկայացրել է որպես մտացածին գեներալի դուստր և իրենց կոչել աղջկա կնքահայր ու կնքամայր:
Նամակը կազմված է 200 բառից: Մասնավորապես, Նելսոնը Համիլթոնի հետ խոսել է իրենց գաղտնի սիրավեպի վերաբերյալ իր մտահոգությունների մասին և անհանգստություն է հայտնել, որ իրենց նամակագրությանը կարող են վերջ տալ:
Նամակի գնորդը մասնավոր կոլեկցիոներ է, որը չի ցանկացել ներկայանալ:










































