Նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո ԲՀԿ-ի ավելի ընդդիմադիր տրամադրված հատվածի մոտ անկումային տրամադրություններ են, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այդ շրջանակները, որ ըստ էության, ատում են Սերժ Սարգսյանին, բոլորովին այլ սպասելիքներ ունեին Ծառուկյանից ու հիմա իրենց խաբված են զգում: Մոտավորապես նույն հոգեվիճակում են նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել մանթրաժը: Այս ֆոնին բավական ուշագրավ են հրապարակ նետված այն խոսակցությունները, թե 2013-ի մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը հանձնվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այսինքն, Երևանի քաղաքապետը ԲՀԿ-ական է լինելու: Ավելին, կայքերից մեկում գրվեց անգամ, թե Բարգավաճի ցուցակը մայիսի վերջին կայանալիք այդ ընտրություններում գլխավորելու է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սույն խոսակցությունները մասնավորապես հիմնավորվում են որոշ հանրապետականների և բարգավաճականների անցյալ տարեվերջյան այն հայտարարություններով, թե չի բացառվում նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա ձևավորի: Այսինքն, այդ պայմանավորվածությունների շրջանակում էլ Երևանը, իբր, պետք է հանձնվի ԲՀԿ-ին:
Դուք բացառո՞ւմ եք, որ նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին կոալիցիա ձևավորեն՝ մեր այս հարցին ՀՀԿ խորհրդի անդամ, Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանել էր. «Նման հարց չի քննարկվել, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:
«ՀԺ» նույն Հարցին ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել էր. «ԲՀԿ-ն ցանկացած պարագայում համատեղ կառավարման կգնա միայն այն դեպքում, եթե կարողանա իրականացնել սեփական ուրույն քաղաքական կուրսը, այն նպատակներն ու ծրագրերը, որոնք խոստումների տեսքով տրվել են մեր քաղաքացիներին»:
Նույն այդ օրերին (նախագահական ընտրությունների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո) ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս լրագրողների հետ զրույցում չէր բացառել ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի, ձևավորումը նախագահական ընտրություններից հետո: Պնդումներ կան, սակայն, որ ՀՀԿ-ն չի գնա նման քայլի, քանի որ ԲՀԿ-ն և նրա առաջնորդն իրենց այլևս պետք չեն: Ինչ վերաբերում է Երևան քաղաքը ԲՀԿ-ին հանձնելուն, դա թերևս սույն կուսակցության շարքերի համար հրապարակ նետված հայտարարություն է: Այսինքն, նման խոսակցությունների նպատակը, ըստ որոշ գնահատականների, կուսակցության շարքերը պահելն է:
Արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստվում է փոխել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ թերթի այս հարցին երեկ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախևառաջ երևույթներից առաջ չընկնենք, առաջիկայում նախագահական ընտրություններն են և ՀՀԿ-ն իր ամբողջ թիմով լծված է այդ ընտրությունների կազմակերպմանը: Իսկ Երևանն այսօր ունի իր քաղաքապետը, ավագանին լուրջ աշխատանք է իրականացնում ու գոնե, այս առումով կամ այս պարագայում, նման որևէ հիմք չկա, դժգոհություն, աշխատանքային բաց կամ թերացում չկա: Մնացածը արդեն թողնենք հետագային, ՀՀԿ-ն իր որոշումը կկայացնի: Անձամբ ինձ համար, միգուցե, կարող է և սուբյեկտիվ հնչել, Տարոն Մարգարյանը բավական լուրջ քաղաքապևո է, և որևէ խնդիր նրա հետ կապված չկա»: Հարցին, հնարավո՞ր է, որ Երևան քաղաքը մայիսի վերջին կայանալիք ընտրություններում տրվի ԲՀԿ-ին, թե՞ դա բացառվում է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ենթադրություններից զերծ մնանք»:
Երեկ «ՀԺ»-ն փորձեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից ճշտել՝ արդեն որոշվա՞ծ է, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն: «Ոչ, որովհետև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանում» դեռևս որևէ քննարկում չի եղել ընդհանրապես: Ես, իհարկե, կարող եմ ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ավագանու ընտրություններին, բայց, կրկնում եմ, որևէ քննարկում չի եղել, ուստի ասել, թե ով կգլխավորի ցուցակը, ովքեր կլինեն ցուցակում, կարծում եմ, այդ ամենը խիստ ժամանակավրեպ խոսակցություններ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Երբ «ՀԺ»-ն նշեց, որ արդեն անգամ իր անունն է շրջանառվում, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես, այո, ծանոթ եմ այդ հրապարակումներին, կրկնում եմ. քանի դեռ չեն եղել քննարկումներ որևէ անուն շրջանառելը ուղղակիորեն իմաստ չունի»: Երբ թերթը հիշեցրեց, որ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները չէին բացառում նախագահական ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձևավորումը և հարցրեց, թե որքանո՞վ են հիմնավոր խոսակցությունները, թե հնարավոր է, մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես առաջին անգամն եմ լսում նման բան, որ որևէ ԲՀԿ-ական խոսացած լինի հնարավոր կոալիցիայի մասին և Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին»:










































