Լատվիացի լրագրող, Pietiek.com կայքի խմբագիր Լատո Լապսան դիմել է ոստիկանություն` վերջերս մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե-Գրանդեի գործուղման հանգամանքների ստուգման խնդրանքով:
Լրագրողը ցանկանում է, որպեսզի ոստիկանությունը ստուգի պետական միջոցներից կատարված ծախսերի, հատկապես ավիաթռիչքների համար կատարված ծախսերի հիմնավորված լինելը: Pietiek.com-ը նշում է, որ նախարարի համար տոմսը ձեռք է բերվել ինչ-որ «բարեկամ» ընկերությունից, և որ հենց այդ նույն ընկերությունից պետական միջոցների հաշվին տոմս է ձեռք բերվել նաև պետական գործչի ամուսնու համար:
Լատվիայի մշակույթի նախարարի երկշաբաթյա այցը կայացել է դեկտեմբերի վերջերին: Որպես այցի նպատակ՝ նշվում էր Լատվիայի սահմաններից դուրս լատիշերենի պահպանումը: Այցի իրականացման համար պետական բյուջեից ծախսվել է 7,5 հազար դոլար:
ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո Լատվիայի կառավարության ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը խոստովանել է, որ հետագայում իրեն հարկավոր է առավել մանրամասն ուսումնասիրել գործուղումների նպատակահարմարությունը:
Մշակույթի նախարարը հայտարարել է, որ այցի ընթացքում շատ է աշխատել և դա հիմնականում վերաբերել է Ռիգայում երգի տոնի անցկացմանը:
Ժանետա Յաունզեմե-Գրանդեն Լատվիայի մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնել է 2011 թ.: Նա կառավարության կազմում ընդգրկվել է իշխող կոալիցիայի մաս կազմող ազգայնականների քվոտաների հաշվին:










































