Այս տարի առաջին անգամ Վերահսկիչ պալատն իրականացնելու է օպերատիվ վերահսկողություն, որը կունենա ոչ միայն պետական բյուջեի ռիսկային ուղղություններն ու չարաշահումները բացահայտելու նպատակ, այլև կանխարգելիչ բնույթ: Այս մասին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնել է հունվարի 8-ին կայացած Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում:
Նիստում հաստատվել է ՀՀ ՎՊ 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրի աշխատանքային պլանը: ՎՊ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2013-ին, Սերժ Սարգսյանի առաջարկով, պալատի ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, նախագծանախահաշվային և շինարարության ոլորտները: Ի. Զաքարյանը նշել է, որ պետք է վերջ դնել արհեստականորեն ուռճացված գներին ու նախահաշիվներին, և տեղեկացրել, որ այս թեմայով խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ կապի ու տրանսպորտի, ֆինանսների, քաղաքաշինության նախարարությունների, նաև ԾԻԳ-երի համապատասխան կառույցների մասնագետների հետ:







































