Նախօրեին Հայաստանը կտրվել էր արտաքին աշխարհից` մի քանի ժամ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն չունեին օգտվելու ինտերնետ կապից: Իսկ պատճառը մեր հարևան Վրաստանում տեղի ունեցած վթարն էր:
Հայաստանում գործում են երեք խոշոր մեծածախ ինտերնետ պրովայդերներ` «ԱրմենՏելը», GNC Alfa-ն և Fibernet Communications-ը, իսկ մնացած կազմակերպությունները ինտերնետ գնում են հենց այս կազմակերպություններից և այն հասցնում սպառողին: Այս երեք կազմակերպություններն էլ երեկ հայտնվել էին կաթվածահար վիճակում:
«ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ինտերնետ կապի բացակայության պատճառը Գորիս-Թբիլիսի մայրուղու մոտ գտնվող մալուխի ֆիզիկական վնասվածքն էր: Միաժամանակ վթարվել և դադարել են աշխատել երեք կապուղի` «Տելեսորեա», «Յութիչի» և «ՍովԻնտել»: Որը սակայն, ըստ Բեղլոյանի, վրաց մասնագետները 2, 5 ժամում վերականգնել են:
«Վերջին անգամ այդպիսի վթար եղել է մոտ երկու տարի առաջ: Սովորաբար այդ կապուղիները միաժամանակ չեն կտրվում: Վրաստանի տարածքից դուրս դրանք տարանջատվում են և Սև ծովի հատակով անցնում են առանձին-առանձին, այդ իսկ պատճառով շատ հազվադեպ է լինում, որ այդպիսի մեծ վթար լինի: Այս անգամ վթարը եղել է հենց Վրաստանի տարածքում», – նշեց Բեղլոյանը:
Նա ցավ հայտնեց, որ Հայաստանի բնակչության ինտերնետ օգտագործողների մեծ մասը տուժեցին այդ ընթացքում: Ի դեպ, «ԱրմենՏելը» ինտերնետ կապ ստանում է նաև Իրանից: Սակայն, ըստ Բեղլոյանի, բաժանորդների ներկայիս քանակությունն այնքան մեծ է, որ մեկ կապուղին չի կարող բավարարել:
Անուշ Բեղլոյանի խոսքերով, եթե վթարը երկար տևեր, իրենք տրաֆիկը անմիջապես կվերաուղղորդեին այլ կապուղիների վրա. «Այդ դեպքում մեր բաժանորդները կունենային ինտերնետ, բայց ավելի դանդաղ` այլ կապուղիների հաշվին»:
Fibernet Communications ընկերությունից ևս մենք ստացանք նույն պատասխանը` պատճառը Վրաստանում գտնվող մալուխի վթարն է:
Իհարկե, հնարավոր է մատակարարներին ինչ-որ տեղ հասկանալ, քանզի նրանք չեն ինտերնետ կապը ստեղծողը և վթարն էլ իրենց պատճառով չի եղել: Սակայն այս ամենի նկատմամբ ՀՀ կառավարության և մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարության անտարբեր վերաբերմունքը բացարձակապես չի տեղավորվում տրամաբանության ոչ մի սահմաններում: Ավելին, պարզվում է, որ մի նախարարության, որի հիմնական գործառույթը Հայաստանի կապի և տրանսպորտի նորմալ վիճակն ապահովելն է, հենց կապի համար պատասխանատու վարչության պետը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչու է իր երկիրը գտնվել տեղեկատվական շրջափակման մեջ, քանզի նախօրեին ինտերնետի խափանումը ուրիշ այլ կերպ բնութագրել հնարավոր չէ:
Երբ փորձեցինք ճշտել, թե Կապի և տրանսպորտի նախարարությունը ինչպես է մեկնաբանում ինտերնետի խափանումը, նախարարության հասարակության հետ կապերի բաժնից մեզ խորհուրդ տվեցին խոսել կապի վարչության պետի տեղակալ Նելլի Թարխանյանի հետ, որն էլ իր հերթին նշեց, որ ավելի լավ է մեր հարցն ուղղենք հենց վարչության պետին: Վարչության պետ Գևորգ Բալոյանն էլ ուշադրությամբ լսելով մեր հարցը` պատասխանեց. «Դուք ավելի լավ է զանգահարեք տեղեկատվական վարչություն»: Երբ մենք նշեցինք, որ հենց տեղեկատվական վարչությունից են խորհուրդ տվել խոսել իր հետ, Բալոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, դա ինտերնետի հետ կապված է, և դրա մասին բոլոր հարցերն իրենց մոտ է գտնվում: Ես ուղղակի տեղյակ չեմ, եթե տեղյակ լինեի, մեծ սիրով կօգնեի»:
Այսինքն` կարելի է եզրակացնել, որ նախարարության հասարակության հետ կապերի բաժնի հասարակ աշխատողն ավելի շատ տեղեկություն և իրավասություն ունի, քան նախարարության կապի վարչության պետը: Զարմանալի է, բայց փաստ:
Ի վերջո, հասարակության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ վթարը տեղի է ունեցել վրացական կողմում, և պատճառները վրացական կողմը չի ներկայացրել, իսկ հայաստանյան մատակարարները ինտերնետ սպասարկում իրականացրել են պահուստային կապուղիների հաշվին. «Մենք հիմա գիտենք, որ Վրաստանն արդեն ամբողջովին վերականգնել է կապը»:
Պետք է փառք տալ Աստծուն, որ նախարարությունում գոնե տեղյակ են, որ վթարն արդեն վերացել է: Բայց ամենաուշագրավն այն էր, որ ինտերնետ կապի հետ առաջացող նման լուրջ խնդիրների դեպքում նախարարությունն անգամ միջամտելու և վրացական կողմից պարզաբանումներ ստանալու իրավունք չունի:
«Մենք նման լիազորություն չունենք, որովհետև ինտերնետ կապը մատակարարների տիրույթում է, մենք ընդամենը կարող ենք տեղեկանալ և Ձեզ տեղեկացնել, իսկ մանրամասն ուսումնասիրություն կատարելը իրենց լիազորությունն է», – տեղեկացրին Կապի և տրանսպորտի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից:
Կարելի է մտածել, որ մի օր էլ ֆրանսիացիները կորոշեն հայ ժողովրդին ջրազրկել և կառավարության համապատասխան կառույցը կհայտարարի, թե իրենք լիազորություն չունեն միջամտելու մասնավոր ընկերության գործերին: Ավելին` ստացվում է, որ բավական է Վրաստանը մի փոքր բարկանա, առանց դժվարության, ընդամենը ձեռքի մի քանի շարժումով կկտրի Հայաստան մտնող մալուխներն ու տեղեկատվական շրջափակմամբ կպատժի հայերին, իսկ այդ ընթացքում հայաստանյան պատկան մարմինները «էշի ականջում քնած» կմտածեն` արժե՞ արդյոք իրենց նեղություն տան և գործով զբաղվեն:
«Ժամանակ» օրաթերթ











































