Ուկրաինական «ԱերոՍվիթ» ավիաընկերությունը, որը ֆինանսական խնդիրներ ունի, այսօր չեղյալ է հայտարարել մի շարք չվերթներ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի կայքում տեղադրված օնլայն-տաբլոիդին:
Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել Կիևից Երևան չվերթը, որը նախատեսված էր այսօր` տեղի ժամանակով ժ. 12.50-ին (Երևանի ժամանակով` ժ. 14.50-ին):
Հետաձգվել են նաև ավիափոխադրողի չվերթները Կիևից Բաքու և Գոա: Ընդ որում՝ այսօր ընկերության ինքնաթիռները Կիևից Մոսկվա չվերթ իրականացրել են:
Չեղյալ են հայտարարվել այսօր երեկոյան Պրահայից ու Երևանից Կիև չվերթները, հետաձգվել են Աստանայից, Նյու Յորքից, Բանգկոկից, Թել Ավիվից չվերթները:
Ներկայում ավիաընկերության չվերթները ամբողջ աշխարհում չեղյալ են հայտարարվում, օդանավակայաններում հարյուրավոր ուղևորներ են կուտակվել:




































