Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով հազարավոր սիրիահայեր վերադարձան Հայաստան: Նրանցից 105-ը վերջին օրերին տեղափոխվել են Արցախ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմի ղեավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ Արցախի կառավարությունն ամեն կերպ աջակցում է նրանց. «Ապահովում են նրանց սնունդը՝ Ամանորից առաջ բոլոր ընտանքներին խոզի բուդ բաժանեցին, երեխաներին՝ նվերներ, նաև սպասքի պարագաներ են տվել՝ դանակ, պատառաքաղ, գդալ, բաժակ, ամաններ: Մի խոսքով, այն ամենն ինչ անհրաժեշտ է սկզբնական շրջանում գոյատևելու համար, մինչև որ իրենք կարողնաան ոտքի կանգնել և սեփական միջոցներով գնել անհրաժեշտ իրերը: Նրանք, ովքեր տեղափոխվել են Իշխանաձոր գյուղական համայնք, շուտով կունենան նաև նոր բնակարաններ: Այստեղ կառուցվում են տներ՝ նախատեսվում է կառուցել 50 առանձանտուն: Դրանց համար շինանյութը նույնպես տրամադրում է ԼՂՀ կառավարությունը, նաև՝ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունը և Քաշաթաղի բարեգործական հիմնադրամը:
Հարցին, թե կառավարությունը հնարավո՞ր է աջակցի սիրիահայերին՝ ապահովելով նրանց աշխատանքով, Դ. Դավթյանը պատասխանեց. «Մեզ մոտ եկածները գրեթե բոլորն աշխատանքով ապահովված են: Հողագործները վարուցան են կատարում, հողատարածքը կառավարությունը վարկով է տրամադրել, առաջին տարիներին վարձ չեն վերցնելու, իսկ հետագայում՝ բերքը ստանալուց վարկը կմարեն»:
Պրն. Դավթյանը նշեց նաև, որ 18 ընտանիքներ արդեն փաստաթղթերն են բերել՝ մշտական բնակության համար, նրանք արդեն հանդիսանում են ԼՂՀ քաղաքացիներ և երեխաներն էլ արդեն դպրոց ու մանկապարտեզ են հաճախում:











































