«Մենք սկսել ենք ձմեռվա վատ իրավիճակին պատրաստվել դեռևս աշնանից: Հոկտեմբեր ամսին բոլոր աշխատանքները կատարվել են, կուտակվել են պաշարներ, տեխնիկա»,- խոսելով ձմռանը ավտոճանապարհների մաքրման աշխատանքների մասին` Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Նա նաև նշել է, որ որքան էլ օդերևութաբանական կանխատեսումները կոնկրետ լինեն, չես կարող իմանալ, թե օրվա որ ժամին ձյուն կամ սառույց կլինի, և կան ճանապարհներ, օրինակ` Մեղրիում, որտեղ գիշերային հերթապահություն է:
Այս պահին փակ են միայն Մարալիկ-Լանջիկ, Ալագյազ-Արթիկ, Եղվարդ-Բուժական հատվածներն ու Սելիմի լեռնանցքը: Հենրիկ Քոչինյանն ասել է, որ կան 36 սպասարկող կազմակերպություններ: Կան ընկերություններ, որոնք ունեն ժամանակակից տեխնիկա: Եթե դրանք բերվել են միայն մաքրման համար, տնտեսական էֆեկտիվութուն չունեն, ուստի բերվում է տեխնիկա, որը ձմռանը մաքրման աշխատանքներով է զբաղվում, մյուս դեպքերում` օգտագործվում շինարարության և այլնի մեջ:
Անդրադառնալով բազմաթիվ ճանապարհների կարկատած հատվածներին` նա նշել է. «Մեր ՊՈԱԿ-ը և նախարարության մասնագետները ամբողջ ամառվա ընթացքում ուսումնասիրում էինք ճանապարհների որակը` տեսնելու` ինչ է սպասվում` եկող տարի է՞լ ենք շարունակելու կարկատել, թե պետք է հատված առ հատված նոր ճանապարհներ կառուցել, ասֆալտել»:
Հենրիկ Քոչինյանի խոսքերով՝ շուրջ 1800 կիլոմետր միջպետական և նույնքան էլ հանրապետական ճանապարհներ կան, որոնք գտնվում են տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ, ևս 4 հազար կլիլոմետր ճանապարհ էլ մարզային նշանակության են: Կան նաև ճանապարհներ, որոնք չունեն սպասարկող:









































