Առողջապահության նախարարությունը տրամադրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևի պատասխանը այսօր «Չենք լռելու»-ի կողմից տարածված մեղադրանքների առնչությամբ: Ըստ որի՝ բժիշկները հատուկ կարել են հիվանդի միզածորանը, որպեսզի վնասեն երիկամը և վաճառեն այն։
Ըստ բժիշկ Օկոևի. «Հայտնում եմ Ձեզ Նունե Մաղաքյանի դեպքի հետ կապված տվյալները.
1. Ն.Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում:
2.Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընթացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով:
Ն.Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ ոչ թե բժշկական սխալ: Տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում:
3. Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում:
4. Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ՝ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով (նայիր համապատասխան կայքը)»:







































