Եթե Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չվերանայի համաներման մասին որոշումը, ապա խորհրդարանի խոսնակը, հավանաբար, հունվարի 12-ին կստորագրի օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է պատիժների իրագործման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Նրա խոսքերով՝ օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, իսկ երկու ամսվա ընթացքում՝ այն բանտարկյալները, որոնց կվերաբերի համաներումը:
Սուբարին նշել է, որ համաներման վրա աշխատած խորհրդարանական հանձնաժողովը ներկա պահին աշխատում է սահմանման վրա, թե ինչպես պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները:
«Հանձնաժողովն արդեն անցկացրել է մեկ հանդիպում և քննարկում է՝ արդյո՞ք քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, թե՞ դատարանի միջոցով»,- ասել է նա:
Սուբարին նշել է, որ շուրջ 3 հազար բանտարկյալներ երկու ամսվա ընթացքում ազատ կարձակվեն:
Նրա խոսքերով՝ համաներումը վերաբերվելու է նաև 17 հազար բանտարկյալների, որոնց պատիժը կմեղմացվի:









































