Հունվարի 7-ից սկսած «Բանանցը» սկսեց նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի, Արթուր Ոսկանյանի և Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Բանանցն» այսօր անցկացրեց առաջին մարզումը մոտ մեկամսյա հանգստից հետո:
Թիմի կազմում անհատական ծրագրով մարզվում են Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Քոչարյանը, ովքեր վիրահատվեցին 2012 թվականի վերջնամասում: Առայժմ ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ է մարզվում և Նարեկ Գյոզալյանը, ով նույնպես վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության մի քանի հանդիպումներ:
Վաղը «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնում է Դոնեցկի «Մետալուրգի» ճամբար, որի կազմում փորձաշրջան է անցնելու:
Ավելացնենք, որ «Բանանցը» Երևանում մարզվելու է ըստ նախատեսված ծրագրի մինչև հունվարի 20-ը: Ակումբի ծրագրերի մեջ թիմի առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունվարի 21-ից փետրվարի 3-ը՝ Կիպրոսում: Երկրորդ ուսումնամարզական հավաքին թիմը ամենայն հավանականությամբ կմեկնի փետրվարի 12-ին և նորից Կիպրոս:








































